Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մայիսի 21-ին շատ կարեւոր հանգրվան է լինելու, որովհետեւ գոնե ինձ համար առավել պարզ կդառնա, թե որոնք են ներկա հանրային մարտահրավերների, հայ մարդու ազատությունների եւ արժանապատվության, առօրյա խնդիրների լուծումները, ինչպես նաեւ իրավաքաղաքական եւ ներքաղաքական ճգնաժամերից դուրս գալու եղանակները»,- խոսելով մայիսի 21-ին կայանալիք քաղաքացիական ժողովի մասին` այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ մայիսի 21-ն ուշագրավ կլինի, որովհետեւ կծավալվի բաց հանրային բանավեճ:
Խոսելով ՀԱԿ-իշխանություն համագործակցության մասին` Ր. Հովհաննիսյանը նշեց, որ գործող իշխանության եւ ընդդիմադիր գործընկերների երկկողմանի խնդիրն է, թե երկխոսությունն ինչ հոլովույթով է մատուցվում: «Մեզ համար քաղաքական հանրային երկխոսության հարցը նոր չէ»,- ասաց նա` հավելելով, որ վերջին նախագահական ընտրություններից հետո էլ ինքն էր հանդիպել Սերժ Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի հետ:
Ըստ «Ժառանգության» առաջնորդի` թե' պահանջները, թե' երկխոսության ձեւը նոր չեն: «Այն, որ նրանք երեք տարի ուշացումով երկուստեք մոտեցել են այդ եղանակին, դա, իհարկե, ողջունելի է, բայց անհրաժեշտ է, որ մենք չհեռանանք նաեւ երկխոսության բուն նպատակից ու բովանդակությունից: Նպատակը պետք է լինի ՀՀ-ում ամբողջական իշխանության արտահերթ եւ նորովի ձեւավորում, որը «Ժառանգության» խորհրդի որոշումն է, ժողովրդի պահանջը, եւ եթե այն երկխոսությունը, որի մասին դուք խոսում եք, բխում է այդ բովանդակությունից, կարելի է միայն ողջունել, բայց եթե դա նախընտրական մարտավարական էվոլյուցիա է, պետք է ունենա գոյության այլ իրավունք»,- նշեց նա:
Ր. Հովհաննիսյանը հավելեց, որ այն դիպուկ բնութագրումները, որ կային մի քանի տարի առաջ, այլեւս չկան, եւ գնալով հասկանալի է դառնում, որ քաղաքական բոլոր լուրջ դերակատարներն իրենց պատկերացնում են հերթական նախընտրական շրջանում` անկախ իրենց ելույթներից:
Խոսելով հերթական ընտրությունների մասին` նա նշեց, որ քարտեզը կանխավ գծվում է: «Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը, որը կրեց «արժանապատիվ գործարք» անունը, նաեւ նման նպատակ է հետապնդում, բայց դա իմ տեղեկացվածությունից հեռու է: Մենք որոշել ենք հնարավոր բոլոր եղանակներով` ԱԺ ամբիոնից մինչեւ հրապարակ, շարունակել պայքարը արտահերթ կարգով նոր իշխանության ձեւավորման համար»,- նշեց նա:
«Ժառանգության» առաջնորդը, այնուամենայնիվ, հավելեց, որ «որոշակի հանգամանքների բերմամբ» կուսակցությունն էապես կավելացնի իր ներկայությունն ԱԺ-ում, բայց դա «Ժառանգության» համար կյանքի նպատակ չէ, եւ խնդիրը 6-ը կամ 7-ը կրկնապատկելը չէ: Նա նաեւ նշեց, որ «Ժառանգության» օրակարգում առայժմ չկա դաշինք կամ բեւեռ ստեղծելու խնդիր:
Անդրադառնալով ապրիլի կեսերին Պանթեոնում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպմանը` «Ժառանգության» ղեկավարը նշեց, որ դա եղել է ոչ թե քաղաքական, այլ քաղաքավարական մոտեցում. «Ես խնդիր չունեմ որեւէ մեկին մոտենալու եւ բարեւելու` լինի իմ ընդդիմադիրը, թե գործընկերը, նախորդ նախագահը, թե ներկա նախագահը: Դա զուտ մարդկային հանդիպում էր»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հույս հայտնեց, որ մայիսի 28-ը մենք կդիմավորենք առանց քաղբանտարկյալների, սակայն դա որակեց ոչ թե հատվածական, այլ համաժողովրդական պայքարի արգասիք: