Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին:
Նախագահը նշել է, որ եվրոպական համայնքի ներկայացուցիչների հետ պարբերական շփումներն ու ակտիվ երկխոսությունը դրական լիցքեր են հաղորդում Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականությանը: Հանրապետության ղեկավարի խոսքով` Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգանում են, և համագործակցության ոլորտները ներառում են ոչ միայն արտաքին քաղաքականությունը կամ առևտրատնտեսական հարաբերությունները, այլ նաև Հայաստանի ներքին բարեփոխումները, որոնք ուղղված են մարդկանց բարեկեցության ապահովմանը:
Ս. Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստակամ է եվրոպական փորձի հիման վրա և ԵՄ աջակցությամբ շարունակել բարեփոխումների ուղին:
Եժի Բուզեկի խոսքով` Եվրոպայում հավատում են Հայաստանի բարեփոխումների հաջողությանը, որը լավ օրինակ կարող է դառնալ այդ ճանապարհն ընտրած այլ երկրների համար:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության մեկնարկով երկկողմ կապերը նոր որակական մակարդակի վրա են դրվել, լավ հնարավորություններ են ստեղծվել նաև գործընկեր պետությունների հետ համագործակցության համար: «Կարծում եմ, մենք պետք է փորձենք զուգահեռ ամրապնդել միջխորհրդարանական և միջկուսակցական կապերը: Չափազանց կարևորում ենք Եվրախորհրդարանի՝ որպես համաեվրոպական գործընթացների վրա ազդող հեղինակավոր կազմակերպության հետ մեր հարաբերություններն ու համագործակցությունը»,- ասել է Հայաստանի նախագահը:
Նա նաև ողջունել է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրանեսթի հիմնումը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:
Եվրախորհրդարանի նախագահը միանգամայն բնական է համարել այդ ընտրությունը` նշելով, որ Հայաստանի պատմությունը մշտապես կապված է եղել Եվրոպայի հետ: «Դուք միշտ եղել եք Եվրոպայի մաս` ձեր ողջ պատմության ընթացքում»,- նշել է Եժի Բուզեկը: