Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆինանսական, քաղաքական, կառավարման ոլորտներում առկա խնդիրները մեզ պարզապես թույլ չեն տալիս շարունակել նախկինի պես, դրանք մեզնից ուրիշ՝ ավելի արդյունավետ մոտեցումներ են պահանջում։ Այդ մասին այսօր Ստեփանակերտում մեկնարկած մասնագիտական զարգացման երկօրյա ծրագրի բացմանն ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում այսօր մեկնարկել է մասնագիտական զարգացման երկօրյա ծրագիր՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար:
Մասնակիցները հնարավորություն կունենան լսելու հանրային կառավարման ոլորտում միջազգային և տեղական լավագույն մասնագետներին, քննարկումներ ծավալելու արդյունավետ կառավարման խնդիրների շուրջ: Ծրագիրն իրականացվում է «Մատենա» միջազգային դպրոցի կողմից:
«Մենք համադրում ենք համաշխարհային լավագույն փորձն ու տեղական առանձնահատկությունները։ Սա հնարավորություն է տալիս լինել չկտրված, բայց միաժամանակ, օգտագործելով արդեն հաջողությամբ կիրառված եղանակները, ավելի արդյունավետ մեխանիզմներ գտնել բարդ խնդիրների լուծման համար: Այս ծրագրի հիմքում ևս նույն մոտեցումն է» - նշել է «Մատենա»-ի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել է մասնագիտական նման ծրագրի անցկացումը: «Ներքին կյանքի ու ռեսուրսների կառավարման բարձր արդյունավետությունը մեծապես բարձրացնում է ցանկացած պետության ու ժողովրդի ռազմավարական դիմադրողականության մակարդակը: Դրա միջոցով հնարավոր է դառնում նվազագույնի հասցնել արտաքին սպառնալիքների ազդեցությունը և առավելագույնի հասցնել միջավայրային հնարավորություններից օգտվելու հավանականությունը, -ասել է Արայիկ Հարությունյանը:- Ուստի, այս տևական ճգնաժամային ու անորոշ պայմաններում մեր գլխավոր անելիքը պետք է լինի մեր կյանքի բոլոր ոլորտներում կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի միջոցով բարձրացնել պետության բոլոր համակարգերի կառավարման արդյունավետության մակարդակը»:
ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, նշել է, որ նման ծրագրերը շարունակվելու են, և հաշվի են առնվելու նաև մասնակիցների առաջարկները, որպեսզի դրանք իսկապես օգտակար ու արդյունավետ լինեն նրանց համար: «Կարծում եմ, սա նաև փորձի ու գիտելիքների փոխանակման լավ հնարավորություն է», - նշել է նա:
Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել ելույթով՝ «Համայն հայության ռեսուրսների կոնսոլիդացումը՝ որպես Արցախի զարգացման շարժիչ ուժ» թեմայով՝ ներկայացնելով Արցախի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու գաղափարները:
«Մենք պետք է բաց խոսենք այն մասին, թե որտեղ ենք գտնվում և ինչ ուղղությամբ պետք է շարժվենք։ Խնդիրների մասին խոսելը քննադատություն չէ, այլ դրանք ճիշտ ախտորոշելու և լուծումներ գտնելու ուղղությամբ առաջ շարժվելու ցանկություն։ Ֆինանսական, քաղաքական, կառավարման ոլորտներում առկա խնդիրները մեզ պարզապես թույլ չեն տալիս շարունակել նախկինի պես, դրանք մեզնից ուրիշ՝ ավելի արդյունավետ մոտեցումներ են պահանջում,-ասել է պետնախարարը:- Մենք դա պետք է կարողանանք անել, քանի որ ունենք մեկ ճանապարհ՝ մնալ, ապրել, արարել Արցախում և հավատալ մեր հաջողությանը»:
Ռուբեն Վարդանյանը պատասխանել է նաև ծրագրի մասնակիցների հարցերին»,-ասված է Արցախի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։