Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռեւս նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստ է երկխոսության գնալ ընդդիմության հետ: «Եկեք չմոռանանք դա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Նրա կարծիքով` Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ոչ թե պետք է բանակցել, այլ պատասխանատվության կանչել իր իշխանության օրոք տեղի ունեցածի համար. «Դա ես դիտարկում եմ որպես հանցագործություն»:
Բարձր գնահատելով ներկա իշխանությունների` երկխոսելու քաղաքականությունը, Բաբուխանյանը նշեց, որ ՀԱԿ-ը միասեռ չէ, այնտեղ կան «էքստրեմիստներ», ովքեր ցանկանում են խափանել ընթացող գործընթացը: «Նրանք ունեն այլ նպատակներ, այդ մասին պարզորոշ վերջերս ասաց էքստրեմիստ թեւի ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ի՞նչ է նշանակում` եթե չգնան նախապայմանների: Ուշադրություն դարձրեք, որ նախապայման բառը հատուկ է ընտրված: Այն գործածում են միայն թուրքերը Հայաստանի հետ համաբերությունների հարցում: Ինչեւէ, Զուրաբյանն ասաց` «եթե չգնան նախապայմանների, մենք կգնանք գործողությունների», որոնք կվտանգեն ազգային անվտանգությունը»,- նշեց Հ. Բաբուխանյանը` հավելելով, որ դա հատուկ է արվում ՀԱԿ-ի կողմից, եւ այս ամենի վերջակետը Արցախի հանձնումն է:
«Ես դա ասել եմ միշտ. Տեր-Պետրոսյանի եւ Արեւմուտքի նպատակը Արցախի հանձնումն է, եւ ՀԱԿ-ը օլիմպիական ոգեւորության մեջ մոռանում է թաքցնել իր նպատակները»,- հայտարարեց ՍԻՄ նախագահը:
Նա Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում է նաեւ Մարտի 1-ի միակ մեղավորը:
«Ես գտնում եմ, որ նա պետք է դատարանում պատասխան տա: Այդ սադրիչները ղեկավարվում էին հենց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից»,- ասաց Հ. Բաբուխանյանը` չմոռանալով մեղավոր ճանաչել նաեւ այն ժամանակվա ղեկավարությանը. «Պետք է ժամանակին կասեցվեին այդ գործողությունները: Ուշ էր մտցված հատուկ դրությունը, ոստիկանությունը պատրաստ չէր դա կանխելուն, այդքանով էլ մեղավոր էին այն ժամանակվա իշխանությունները»: