Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր Ֆրեդերիկ Էնսելին:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ խորհրդարանական համագործակցությունը միջազգային փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ կլինի ավելի պարբերական և արդյունավետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և աշխարհաքաղաքական մի շարք իրադարձությունների:
Մասնավորապես, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է: Նա կարևորել է հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի համատեքստում:
Ռուբեն Ռուբինյանը կարևորել է բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտի առկայությունը, անթույլատրելի համարել պետական մակարդակում ատելության խոսքի կիրառումը՝ որպես սպառնալիք հակամարտության խաղաղ կարգավորման կառուցողական գործընթացին:
Կողմերն անդրադարձել են նաև հետհեղափոխական շրջանում Հայաստանի որդեգրած բարեփոխումների քաղաքականությանը: Այս համատեքստում կարևորվել է արդար ընտրությունների անցկացումը՝ որպես ժողովրդավարության ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլ: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է տնտեսական հեղափոխության, ժողովրդավարական, դատական բարեփոխումների իրականացման հարցում:
Քննարկվել են նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանն այս առնչությամբ նշել է, որ հանձնաժողովը հանձնառու է լինել խորհրդարանական դիվանագիտության համակարգող օղակ:
Կողմերը կարևորել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև առավել սերտ հարաբերությունների խթանումը, ինչպես նաև համագործակցությունը միջազգային կառույցներում: