կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-12 23:22
Աշխարհ

Քարդաշյանը հիասթափված է

Քարդաշյանը հիասթափված է

Քիմ Քարդաշյանը հիասթափվել է Cosmopolitan-ից` դրա թուրքական տարբերակի ապրիլյան համարի շապիկին իր նկարը տեսնելով: Ինչպես գրում է Los Angeles Times-ը, խնդիրն այն է, որ լուսանկարը թուրքական ամսագրի շապիկին է հայտնվել հենց այն նույն ամսին, երբ նշվում է Հայոց ցեղասպանությունը:

«Երբ ես նկարահանվում էի միջազգային ամսագրի շապիկի համար, պատկերացում անգամ չունեի, թե Թուրքիան նախատեսում է այն տեղադրել հենց այս ամսվա համարի շապիկին»,- իր բլոգում երկուշաբթի օրը գրել է Քարդաշյանը:

Ի տարբերություն թուրքականի, Քարդաշյանը հպարտ է, որ հայտնվել է նաեւ հայկական Cosmo-ի շապիկին. «Իմ հայկական ծագումը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար, եւ ես հպարտ եմ, որ իմ ընտանիքն ունի հայկական արմատներ եւ մշակույթ: Եվ որպես ամերիկահայ կին` ինձ համար մեծ պատիվ է հայկական Cosmo-ի առաջին համարի շապիկին հայտնվելը»:

Այս հարցին անդրադարձել է նաեւ ամերիկյան TMZ կայքը, որը մեկնաբանություններ ստանալու համար դիմել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին: Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, թե առանց թույլտվության լուսանկարների օգտագործումը հենց ապրիլին, պարզապես անհարգալից վերաբերմունք է Քիմի եւ ամբողջ հայության նկատմամբ:

«Շահույթ ստանալու նպատակով Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու ժառանգի լուսանկարն ամսագրի էջերում տեղադրելուց հետո Cosmopolitan-ը պետք է իր ընթերցողներին տեղեկացնի Թուրքիայի կառավարության` ոճրագործությունը քողարկելու ամոթալի ջանքերի մասին»,- ասել է Արամ Համբարյանը:

Իսկ հայտնի ամերիկահայ փաստաբան Մարկ Կիրակոսն ասել է, որ Քարդաշյանի նկարը թուրքական ամսագրի շապիկին դնելը Ցեղասպանությունը մերժող թուրքական քարոզարշավի մի մասն է: