Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր ընտրական համակարգը բավական հիվանդ է, եւ հարցի հիմնական լուծումը ընտրական գործընթացի առավելագույն թափանցիկությունն ապահովելն է. խոսելով «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների մասին` այսօր լրագրողներին ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ընտրությունների ընթացքն առավել թափանցիկ դարձնելու նպատակով Բ. Նավասարդյանն առաջարկում է ընտրատեղամասում տեղադրել խցիկներ, հստակ կարգավորել լրատվամիջոցների գործունեությունն ու դրանց առջեւ դնել հստակ պահանջներ:
«Ես գտնում եմ, որ անպայման պետք է լինեն դեբատներ` ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների թեկնածուների կողմից համաձայնեցված սկզբունքներով»,- նշեց նա` շեշտելով, որ դա պետք է պարտադրված լինի օրենքով:
Թափանցիկությունն ապահովող մյուս առաջարկությունը` կապված լրատվամիջոցների հետ, ընտրությունների լուսաբանման պարտադիր դիտարկումն է ՀՌԱՀ-ի կողմից:
«Մենք գիտենք, որ լուսաբանման հետ կապված բազմաթիվ օրենքների խախտումներ են լինում բոլոր ընտրությունների ժամանակ, բայց այդ փաստերին անդրադարձ չկա»,- նշեց Բ. Նավասարդյանը` հավելելով, որ եթե կարգավորող մարմինը պարտավորված լինի դիտարկում անելու, ապա լուսաբանումը օրենքներին համապատասխան տեղի կունենա:
Երեւանի մամուլի ակումբի նախագահը կարեւոր համարեց նաեւ այն, որ օրենսգիրքը կարգավորի ոչ միայն անմիջապես նախընտրական քարոզչության շրջանի քարոզարշավը, այլ ավելի վաղ ընթացքը, քանի որ մինչեւ քարոզչության շրջանը շատ քաղաքական ուժեր արդեն իսկ լուրջ առավելություն են ձեռք բերում մյուսների նկատմամբ:
Պատասխանելով լրագրողների հարցին` ուշացած չե՞ն, արդյոք, Ընտրական օրենսգրքի շուրջ նմանատիպ քննարկումները, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ օրինագիծն անցել է առաջին ընթերցում, Բ. Նավասարդյանը պատասխանեց, որ ցանկության դեպքում դեռ հնարավոր է բավականին բարելավել օրինագիծը, մանավանդ, որ ունենք նախադեպեր, երբ օրինագիծը նորից վերադարձվում է առաջին ընթերցման, եթե կան լուրջ առաջարկություններ: