Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սերբիա:
Հանրապետության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի նախագահների առանձնազրույցը և երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Բանակցություններին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես` ստորագրվել են երկու միջկառավարական համաձայնագրեր` «Օդային հաղորդակցությունների մասին», «Դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին», ինչպես նաև «2011-2013թթ. մշակույթի բնագավառում համագործակցության մասին» գործնական ծրագիր Հայաստանի և Սերբիայի մշակույթի նախարարությունների միջև:
Այնուհետև նախագահները լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են բանակցությունների արդյունքները: Նախագահները բանակցությունների օրակարգը համարել են հագեցած, քննարկումները` արդյունավետ: Նրանք վերահաստատել են հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը և ցանկությունը, արձանագրել, որ վերջին տարիներին բարձրաստիճան երկկողմ փոխայցելությունների և բազմակողմ ձևաչափերում կայացած բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական երկխոսությունը:
Նախագահներն ընդգծել են, որ Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր ներդնել փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ իր սերբ գործընկերոջ խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մանրամասները: Նախագահները համաձայնել են, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից:
Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Սերբիայի վարչապետ Միրկո Ցվետկովիչի և Ազգային ժողովի նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչի հետ: