կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-22 01:14
Սպորտ

Ֆուտբոլային թեժ շաբաթն սկսված է

Ֆուտբոլային թեժ շաբաթն սկսված է

Շաբաթն սկսվեց ամսվա ամենասպասված և ամենակարևոր իրադարձության քննարկումով: Առաջին անգամ անկախ Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի խաղալու Եվրո-2012-ում:

 

Риа Новости-ին կազմակերպել էր հեռուստակամուրջ Հայաստանի և Ռուսաստանի լրագրողների միջև, որի ընթացքում գնահատվում էին 2 կողմերի հնարավուրությունները և խնդիրները: Ռուսական կողմի ներկայացուցիչ Անատոլի Ֆյոդորովիչը, վերլուծելով վիճակագրությունը, խոսեց խմբային փուլի նախորդ հանդիպումների մասին:

 

«Ամենագլխավոր ինտրիգն այն է, որ 3 թիմեր ունեն 7-ական միավոր, և գլխավոր նպատակը պետք է լինի այդ խաղերին պատրաստվելը և հնարավորությունը բաց չթողնելը: Հակառակորդին հաղթելու համար հարկավոր է իմանալ նրան, ապա` օգտագործել նրա թույլ կողմերը: Հայաստանի հավաքականն այսօր խաղում է կրեատիվ ֆուտբոլ, դրան պետք է պատրաստ լինենք դիմակայել, իսկ այն, որ երկրպագուները կսատարեն թիմին, ես կասկած չունեմ»,- ասաց Ա. Ֆյոդորովիչը:

 

Հայ լրագրողներից մեկը խնդրեց համեմատականներ անցկացնել Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների նախորդ հանդիպումների միջև և, փորձի վրա հիմնվելով, որոշակի եզրահանգման գալ: Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն անիմաստ համարեց նախորդ և այս տարվա հանդիպումների միջև զուգահեռներ անցկացնելը: Ըստ նրա` խաղացողները տարբեր են` նոր սերունդ է խաղում. այն ժամանակ Ռուսաստանն ավելի ուժեղ էր, բայց հիմա շանսերը հավասար են:

 

«Մեզ մոտ հոգեբանական վերելք է, հավաքականը հաղթեց Սլովակիային, այն բանից հետո, երբ սլովակները Ռուսաստանում հաղթեցին դաշտի տերերին»,- ասաց Գիլոյանը: Ֆյոդորովիչը կարևոր գործոն համարեց այն փաստը, որ հայ ֆուտբոլիստները երիտասարդ են, բայց ամբիցիոզ, նրանք արդեն լուրջ պահանջներ են ներկայացնում` հայտնվելով եզրափակիչում` Եվրո-2012-ում խաղալու համար: Ինչ վերաբերում է Ռուսաստանի փոխարինող կազմին, ապա գաղտնիք չէ, որ այդ հավաքականի պահեստայինների նստարանը «երկար» է: Ռուսները նշեցին, որ ամեն դիրքում ունեն համարժեք փոխարինում:

 

Թե որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, կհամոզվենք շաբաթ օրը, իսկ այժմ միայն հայտնի է, որ Ռուսաստանն ունեցավ անսպասելի խնդիրներ` կապված թիմի ծանրակշիռ խաղացողների` Բիստրովի և Մալաֆեևի հետ: Հայկական կողմը նշեց, որ իրենց ակումբներում փայլող ֆուտբոլիստներ Ժիրկովն ու Արշավինը, չեն կարողանում ռեալիզացվել թիմում և մոբիլիզացնել իրենց ուժերը համագործակցելու համար: Թերևս, ռուսների կատարմամբ ոչ թիմային խաղ մենք տեսանք Իրանի հետ ընկերական հանդիպման ժամանակ:

 

Հույս ունենանք, որ հայկական կողմը կօգտագործի ստեղծված նպաստավոր վիճակը: Վարդան Մինասյանը Հայաստանի ընտրանու կազմը կհրապարակի մարտի 21-ին, իսկ 22-ից կսկսվեն մարզումները: Հավելենք նաև, որ Ռուսաստանի հավաքականը ոչ մի բաց պարապմունք չի անցկացնի, իսկ Հայաստանի ընտրանին կանցկացնի միայն մեկը: Անկասկած, Հայաստանն ապրում է այս հանդիպման սպասումով, մեծ աշխատանքներ են կատարում ֆան-ակումբները` հակառակորդին շշմեցնելու համար: Առաջին «հարվածը» մարտի 26-ին սպասվում է 13-րդ խաղացողից` երկրպագուներից:

 

Անշուշտ, մեր հավաքականը նպաստավոր դիրքերում է. խաղում է սեփական հարկի տակ` զգալով ժողովրդի աջակցությունը: