Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգի» ընթերցողներին իրազեկել էինք, որ Էրիկ Ֆրիդլերի «Աղետ. մի ցեղասպանություն» 90 րոպեանոց ֆիլմը, ի թիվս NDR-ի 11 այն արտադրությունների, ներկայացվել է 2011-ի Ադոլֆ Գրիմմեի մրցանակին:
Մարտի 16-ին պարզ դարձավ, որ NDR-ի երկու վավերագրությունները տեղեկատվություն եւ մշակույթ անվանակարգում շահել են գերմանական հեռուստատեսային "Գրիմմե" մրցանակը: Դրանցից մեկը Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» ֆիլմն է, որը 2010-ին արդեն շահել էր Գերմանական հեռուստատեսության եւ Արմին Թ. Վեգներ մարդասիրական մրցանակները:
Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմում խոսվում է հայոց ողբերգության մասին մինչ օրս շարունակվող լռության քաղաքական շարժառիթների, Թուրքիայի ժխտողականության մասին: «Ազգը» ժամանակին անդրադարձել է 2010-ի ապրիլի 9-ին ARD-ով հեռարձակվելուց հետո Գերմանիայում սկիզբ առած բանավեճին:
Մրցանակ ստանալու առիթով NDR-ի կառավարիչ Լութց Մարմորն ասել է, թե վավերագրություններով «ձգտում ենք որակական ուրիշ աստիճանի: «Աղետը» դրա տպավորիչ վկայությունն է, որի մասին հանդիսատեսի ու քննադատների կարծիքները համընկնում են»:
Հեռուստատեսության սահմանած "Գրիմմե" մրցանակն ամենամյա է, Գերմանիայում համարվում է հեղինակավորներից մեկը: NDR-ի Հյուսիսարեւմտյան ռադիոհեռուստատեսության առաջին գլխավոր տնօրեն Ադոլֆ Գրիմմեի անունով է կոչվում: