կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-12 22:17
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Լրագրողներին արգելել են մտնել Հայաստան

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Լրագրողներին արգելել են մտնել Հայաստան

Երեկ պարզ դարձավ, որ արտասահմանցի հեռուստալրագրողների խմբին մարտի 10-ին Հայաստանի սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են Հայաստանի սահմանը հատել: Էստոնացի, լիտվացի եւ ֆինլանդացի հեռուստալրագրողներից բաղկացած խմբի անդամներին (չորս հոգի) ՀՀ սահմանապահներն ասել են, որ նրանց մուտքը Հայաստան ցանկալի չէ:

 

Հեռուստալրագրողները ներկայացնում են TV COMANDA պրոդյուսերական կենտրոնը: Նշված պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Անդրիուս Բրոկասի` երեկ տարածած հաղորդագրության համաձայն` իրենց կենտրոնի հեռուստալրագրողները Հայաստան են ժամանել Ֆինլանդիայի ազգային հեռուստաընկերության պատվերով վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով: Ֆիլմը նվիրված է լինելու Կովկասում զինված հակամարտությւոններին: Հայաստանում նկարահանվելիք ֆիլմը պետք է կոչվեր «Հայաստան. անցյալ, ներկա, ապագա»:

 

Ըստ Անդրիուս Բրոկասի` լրագրողների խումբը Հայաստանում հարցազրույցներ պետք է վերցներ մի շարք պաշտոնատար անձանցից, ինչպես նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից:

 

Հայաստանի սահմանապահների գործողությունները կանոնակարգում եւ վերահսկում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Մեր թղթակցին երեկ ողջ օրը այդպես էլ չի հաջողվել ԱԱԾ-ից որեւէ պարզաբանում ստնալ: ՀՀ ԱԳՆ-ից եւս հրաժարվել են այդ միջադեպի հետ կապված պարզաբանում տալ` նշելով, որ խնդիրը ՀՀ սահմանապահների հետ է կապված, եւ հենց նրանք պետք է կատարվածը մեկնաբանեն:

 

Ըստ Անդրիուս Բրոկասի` լրագրողներին եւս որեւէ պարզաբանում չի տրվել, թե ինչու են արգելել իրենց Հայաստան մտնել: Հեռուստալրագրողներից Թինա Մեդիսոնը կարծիք է հայտնել, թե հնարավոր է` իրենց թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել, որպեսզի ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից հարցազրույց չվերցնեն: Մյուս հնարավոր պատճառի վերաբերյալ հաղորդագրության մեջ ակնարկել է Անդրիուս Բրոկասը: Վավերագրական ֆիլմի մի մասը նվիրված է լինելու Խոջալուի դեպքերին: Ուստի, Անդրիուս Բրոկասը տարակուսել է, թե ինչու է Հայաստանը խուսափում հրապարակային եւ թափանցիկ քննարկել Խոջալուում տեղի ունեցածը:

 

Էական չէ, թե վերը բերված երկու վարկածներից ո՞րն է տեղի ունեցածի իրական պատճառը: Միեւնույն է, կատարվածի արդյունքում տուժելու է Հայաստանի հեղինակությունը, որն այսուհետ պետք է համարվի միջազգային մակարդակով խոսքի ազատությունը սահմանափակող երկիր: Կասկածից վեր է, որ հեռուստալրագրողներն իրենց ֆիլմը նկարահանելու են: Եվ կարելի է միայն ենթադրել, թե իշխանությունների այս արգելքից հետո Հայաստանն այդ ֆիլմում ինչպես է ներկայացվելու: