Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որեւէ հիմնավոր փաստարկ չկա, որ Արեւելքի ալիքը կհասնի Հայաստան. այսօր հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Արեւելքի ալիքը Հայաստանի հետ որեւէ առնչություն չունի, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, Արեւելքի մասսայական անկարգությունները, ընդվզումը, հասարակական ըմբոստությունները եւ դրանց արդյունքում` իշխանափոխությունը, ավելի շատ սոցիալական բազայի վրա կառուցվող, բայց խորքում նաեւ նավթային, էներգետիկ տարբեր շահեր հետապնդող գործընթաց է»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ Արեւելքի դեպքերն ավելի շատ կառնչվեն Ադրբեջանին, քան Հայաստանին:
«Սակայն, անկախ Արեւելքի քաղաքական զարգացումներից, Հայաստանում սոցիալական խնդիրները չեն փոխվում` ո'չ պակասում են, ո'չ էլ ավելանում»,- ասաց պատգամավորը` միաժամանակ ընդգծելով, որ ընդդիմության որդեգրած` սոցիալական խնդիրների լուծման ճանապարհը ըմբոստացման, քաղաքականացման, հրահրումների, իշխանության եւ օրենքի պահպան մարմինների հետ չհիմնավորված եւ ոչ ճիշտ վարքի ու վերաբերմունքի ճանապարհ է, եւ սոցիալական որեւէ բաղադրիչ չունի:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հանրահավաքին, ապա հանրապետական պատգամավորն այն բաժանում է երկու խմբի` մարդիկ, ովքեր անկեղծորեն եկել էին իրենց բողոքն արտահայտելու, եւ, այսպես ասած` քաղաքական առաջնորդներ, ովքեր այդ արտահայտված բողոքի վրա կառուցում են սեփական քաղաքական խնդիրները:
«15 կետից բաղկացած այդ հայտարարությունը ապացուցում է, որ այն, ինչի համար հավաքվել են մեր համաքաղաքացիները, որեւէ կապ չունի այն քաղաքական պահանջների եւ չարդարացված երազների հետ, ինչը թաքուն փափագում է մեր քաղաքական ընդդիմությունը»,- ասաց պատգամավորը`շեշտելով, որ քաղաքացիների պահանջների հետ կապ ունի ընդամենը մեկ կետ, մնացած 14 կետերը որեւէ կերպով սոցիալական բաղադրիչ չեն արծարծում, իսկ այդ մեկ կետում ընդգրկված խնդիրները, ըստ նրա, այսօր շատ ավելի խորքային են ընդգրկված կառավարության եւ իշխանությունների օրակարգում, քան այն մակերեսային պահանջներում, որ ներկայացվում են մեր ընդդիմադիրների կողմից:
«Այդ խնդիրների լուծման նկատմամբ շատ ավելի լուրջ է իշխանության վերաբերմունքը, քան ընդդիմության այն հայհոյախառն հրահրումները, որոնք շատ հաճախ տեղի են ունենում այդ հավաքների ընթացքում: Ընդդիմության նպատակը երկրորդ անգամ անցանկալի զանգվածային իրողություններ հրահրելն է, որն ընդունելի լինել չի կարող»,- նշեց Ա. Զաքարյանը: