Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 22-ին կանադահայ երիտասարդությունը իր ցասման եւ բողոքի ձայնն է բարձրացրել Օտտավայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ` դատապարտելով հայության դեմ իրագործված ադրբեջանական ոճիրների շարանը:
Բողոքի ցույցը, որին մասնակցել է 300 ցուցարար, կազմակերպել էին ՀՅԴ Կանադայի երիտասարդական եւ ՀՅԴ «Արմեն Կարո» ուսանողական միությունները. տեղեկացնում է «Հորիզոնը»:
Ոստիկանության հսկողության տակ հայ երիտասարդներն անցորդներին բաժանել են ծանուցաթերթիկներ` Բաքվում, Սումգայիթում եւ Մարաղայում հայկական կոտորածների մասին մանրամասն տեղեկություններով: Նրանք նաեւ պարզել են «Մի' ժխտեք ձեր ոճիրները», «Ադրբեջանցիներն են պատասխանատուն Խոջալուի ջարդի համար», «Երբեք չպիտի մոռանանք Բաքվի եւ Սումգայիթի անմեղ զոհերին», Հին Ջուղայի խաչքարերը պատկերող պաստառներ:
Հայ երիտասարդների կազմակերպած ցույցին մասնակցել են նաեւ Հայ դատի պաշտպան կանադացի քաղաքական գործիչներ ` Կանադայի խորհրդարանի անդամներ Ջիմ Կարիջիանիսը եւ Նիկոլ Տեմերսը, Օնտարիոյի նահանգային խորհրդարանի նախկին նախագահ Դեւիդ Ուորները: Նրանք իրենց զորակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին եւ համայն հայությանը, նաեւ խստորեն դատապարտել են Ադրբեջանում հայերի հանդեպ իրականացված ոճիրները եւ Հին Ջուղայի հայկական պատմա-մշակութային անկրկնելի կոթողների` հնադարյան խաչքարերի ոչնչացումը:
Ցուցարարները փորձել են բողոք-նամակ հանձնել Ադրբեջանի դեսպանությանը, սակայն դեսպանատան աշխատակիցները հրաժարվել են այն ընդունել:
Հայ երիտասարդների կազմակերպած ցույցը լուսաբանել են Կանադայի պետական ռադիոկայանը, մի շարք հեռուստաալիքներ, Ottawa Sun եւ Ottawa Citizen օրաթերթերը:
Ի դեպ, կանադական ոստիկանությունն իր գոհունակությունն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, որ մոտ 2 ժամ տեւած բողոքի ակցիան անցել է առանց օրինախախտումների: