կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-23 01:31
Աշխարհ

Լիբիացի դիվանագետները հրաժարվում են Քադաֆիից

Լիբիացի դիվանագետները հրաժարվում են Քադաֆիից

Մի խումբ բարձրաստիճան լիբիացի դիվանագետներ Ավստրալիայում, Չինաստանում, Հնդկաստանում եւ Մալայզիայում հայտարարել են Մուամար Քադաֆիի վարչակարգի հետ հարաբերությունները խզելու մասին: ՄԱԿ-ում Լիբիայի ներկայացուցիչները Քադաֆիին մեղադրել են ցեղասպանության մեջ եւ պահանջել նրա հրաժարականը:

 

Անկարգությունները Լիբիայում շարունակվում են փետրվարի 15-ից: Human Rights Watch-ի տվյալներով` ընդդիմադիրների եւ կառավարական ուժերի բախումների ժամանակ ավելի քան 360 մարդ է զոհվել: Այդ կապակցությամբ Մեծ Բրիտանիան դադարեցրել է սպառազինությունների մատակարարումը Լիբիային: Երկրի քաղաքներում ցուցարարների կողմն է անցել ոստիկանությունը, ինչպես նաեւ զինված ուժերի մի մասը:

 

Երկուշաբթի օրը իշխանությունները ապստամբների դեմ ավիացիա են հանել. ռմբակոծվել է ցուցարարների կողմից գրավված Բենգազիի ռազմակայանը, իսկ հետո հարվածներ են տեղացել Տրիպոլիի ցուցարարների վրա:

 

Մուամար Քադաֆին փետրվարի լույս 22-ի գիշերը ազգային հեռուստատեսությամբ հերքել է ասեկոսեներն այն մասին, թե լքել է երկիրը: «Ես Տրիպոլիում եմ, ոչ թե Վենեսուելայում: Մի՛ հավատացեք հեռուստակայաններին, դրանք շներ են»,- հայտարարել է նա 22 վայրկյան տեւած հեռուստաուղերձում:

 

Քադաֆին նաեւ ասել է, թե պատրաստվում էր Տրիպոլիի կենտրոնում զրուցել երիտասարդների հետ, սակայն անձրեւը խանգարել է: