կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-03 00:53
Հասարակություն

Պեդոֆիլների զոհի «արժեքը» 100 հազար դրամ է

Պեդոֆիլների զոհի «արժեքը» 100 հազար դրամ է

Մի օր Հայաստանը կդառնա ամերիկացի պեդոֆիլների հանգրվանը, եթե քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածում փոփոխություններ չարվեն:

 

Համաձայն այդ հոդվածի` եթե չափահաս մարդը 16 տարին չլրացած անձի հետ սեռական ակտ է ունենում` թեկուզ անչափահասի համաձայնությամբ, պատժվում է տուգանքով` 100.000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2 տարի ժամկետով:

 

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի  առաջարկած նախագծի համաձայն` պետք է հանել տուգանք պատժատեսակը, իսկ ազատազրկման չափը սահմանել 3-6 տարի` կախված հանգամանքներից: Հոդվածը պետք է բաղկացած լինի երեք մասից, երկրորդ մասում ներկայացված կլինեն ծանրացուցիչ, իսկ երրորդում` առավել ծանրացուցիչ հանգամանքները:

 

ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ Արթուր Ղամբարյանն ասաց, թե 2009 թվականին 141 հոդվածով 18 քրեական գործ է հարուցվել, սակայն միայն երեքի դեպքում է հանցագործը ազատազրկվել, մյուս դեպքերում գործը փակվել է` տուգանք վճարելով:

 

Դատախազը համակարծիք է, որ հանվի տուգանք պատժաձեւը. նա համարում է, որ ավելի լավ է նույնիսկ հանցագործը 15 օրով քրեակատարողական հիմնարկ ուղարկվի, քան տուգանքով գլուխն ազատի:

 

Ըստ Ա. Ղամբարյանի` եթե մարդը հասկանա, որ իրեն այդ հանցանքի համար ազատազրկում է սպառնում, ապա չի դիմի այդ քայլին, քանի որ գաղտնիք չէ, թե քրեակատարողական հիմարկում ինչ վերաբերմունքի են արժանանում այդ հոդվածով պատժվածները: