Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեքշաբթի` դեկտեմբերի 28-ին, ժամը 18-ին նախագահական նստավայրի առջեւ (դիմացի մայթին) տեղի կունենա բողոքի ցույց` օտարալեզու դպրոցների դեմ շարժմանը միացած մտավորականների, հասարակական կազմակերպությունների եւ անհատների մասնակցությամբ: Ցույցի մասնակիցները աշխատակազմի միջոցով Սերժ Սարգսյանին կփոխանցեն նախօրոք հարյուրավոր մարդկանց կողմից ստորագրված պահանջագիրը` չստորագրել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն Ազգային ժողովն ընդունել է դեկտեմբերի 22-ին:
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում խնդրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել բողոքի այս կարեւորագույն միջոցառմանը: Անցած 8 երկարուձիգ ամիսների ընթացքում օտարալեզու դպրոցներ բացելու` իշխանությունների ծրագրի կապակցությամբ իրենց անհամաձայնությունն այս կամ այն կերպ արտահայտել են հազարավոր մարդիկ, նրանցից մի քանի հարյուրը գոնե մեկ անգամ մասնակցել են բողոքի ակցիաներին: Հասել է մեկտեղվելու եւ մեր իրական ուժն ու վրդովմունքը արտահայտելու ժամանակը: Սերժ Սարգսյանին պետք է ի վերջո ցույց տալ, թե ինչ ուժի դեմ են այս ընթացքում գործել իր նշանակած վարչապետն ու ԿԳ նախարարը, ում բողոքն է պատրաստվում արհամարհել նա` ստորագրելով այդ դավաճանական փաստաթուղթը: Լինի դա ուսանող, թե ակադեմիկոս, երաժիշտ, թե հրապարակախոս, գրող, ռեժիսոր, լրագրող, նկարիչ, դասախոս. բոլորս պարտավոր ենք այդ օրը, այդ ժամին լինել Բաղրամյան 26-ում` անգամ հաշվի չառնելով` մեր գործողություններն արդյունքի բերելու են, թե` ոչ: Սա տեսակի առանձնացման խնդիր է: Խնդրում ենք բոլոր հնարավոր միջոցներով տարածել այս կոչը»,- ասված է այսօր տարածված հայտարարության մեջ: