Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարդաց «Հետք» շաբաթաթերթում տպագրված «Բյուջեի փողերը չեն ցանկանում հետ բերել. որտե՞ղ են նավի համար նախատեսված գումարները» հոդվածը, որը վերաբերում էր 100 մլն դրամից ավելի գումարների յուրացմանը:
Խնդիրն այն է, որ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ը «Սևանա լճում եւ նրա ավազանում կատարվող հիդրոօդերևութաբանական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում պետք է ձեռք բերեր հիդրոլոգիական հատուկ նշանակության նավ: Նավի մատակարարման համար ՀՀ պետբյուջեով 2006 թ. նախատեսվել և հետագայում «Կամար» ՓԲ ընկերությանը վճարվել է 153 մլն դրամ, սակայն նավը ձեռք է բերվել 47 մլն դրամով:
«Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի և ՀՀ բնապահպանության նախարարության վարչատնտեսական բաժնի պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2010 թ. մայիսին հարուցվել է քրեական գործ:
«Ձեզ հրավիրում եմ, որ այդ նավով շրջենք միասին»,- Ստեփան Սաֆարյանին ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` հավելելով, որ ՊՈԱԿ-ն այժմ գտնվում է Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ:
Ստեփան Սաֆարյանն ընդունեց նավով զբոսնելու առաջարկը, սակայն շեշտեց, որ ցանկանում է շրջել ոչ թե 47, այլ 153 միլիոն դրամ արժողությամբ նավով:
Արամ Հարությունյանն ասաց, որ նավը գնված է և իր նպատակին ծառայում է 2006-ից սկսած: Անդրադառնալով գումարին` նախարարը նշեց, թե նավի գնի մեջ ներառված են նաև ճանապարհածախսը և այլ ծախսերը` պատգամավորին հասկացնելով, որ 153 մլն դրամանոց նավով չի շրջելու:
«Եթե ձեզ հետաքրքրում են ուսումնասիրությունների պատասխանները, դրանք կարող եք գտնել պատկան մարմիններում»,- ավելացրեց Ա.Հարությունյանը: Նա փորձում էր բացատրել, թե նավը գնվել է օրինական ճանապարհով, և որևէ խնդիր չկա:
Արամ Հարությունյանը սահուն կերպով շրջանցեց gլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցված քրեական գործը: