կարևոր
709 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-24 12:55
Իրավական

Բերման է ենթարկվել Եղեգնաձորի ընդդիմադիր քաղաքապետը, փոխքաղաքապետը եւ ավանագու անդամներ

Բերման է ենթարկվել Եղեգնաձորի ընդդիմադիր քաղաքապետը, փոխքաղաքապետը եւ ավանագու անդամներ

NEWS.am-ի տեղեկություններով, այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու մի քանի անդամների։

Նշենք, որ Դավիթ Հարությունյանին ու իր թիմակիցները բերման էին ենթարկվել նաեւ նախորդ ընտրությունների նախաշեմին։

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով էլ՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բերման ենթարկելու պատճառը առայժմ հայտնի չէ, չկան հստակ հիմնավորումներ։ Տեղի ունեցողը հիշեցնում է Մարտունիում և Արթիկում կիրառված նույն սցենարը։

«Իշխանություն» լրատվականը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Գերատեսչությունը չի հերքել տեղեկությունը, սակայն հրաժարվել է հայտնել բերման ենթարկված անձանց անունները։

Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցել են.

«Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։

Հիշեցնենք, որ նմանատիպ գործողությունների մասին տեղեկություններ ավելի վաղ ստացվել էին նաև Արթիկից և Մարտունիից։

Հիշեցնենք նաև, որ վաղը՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Եղեգնաձորում, Մարտունիում և Արթիկում, տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։