կարևոր
508 դիտում, 57 րոպե առաջ - 2026-10-19 15:19
Տնտեսական

Անկումը՝ 39 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի սեպտեմբեր ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Անկումը՝ 39 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի սեպտեմբեր ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ պարզելու 2025 և 2026թթ․ սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի, ծաղկի և ձկան արտահանումը՝ թվերով և աշխարհագրությամբ։ ՍԱՏՄ-ն արտահանումը՝ ըստ թվերի, տրամադրել է, ըստ երկրների՝ ոչ։


Համաձայն ՍԱՏՄ տված տեղեկատվության, պատկերը հետևյալն է

  • 2025թ. սեպտեմբերի արտահանման ընդհանուր ծավալը՝ 23,717,751.05 կգ
  • 2026թ. սեպտեմբերի աարտաահանման ընդհանուր ծավալը՝ 14,447,345.32 կգ
  • Ընդհանուր փոփոխությունը (նվազում)՝ -9,270,405.73 կգ (կամ -39.09%):

 

Արտահանման ամենամեծ աճը արձանագրած ապրանքատեսակները

  • Նեկտարին — 473.00%
  • Պղպեղ — 76.31%
  • Կենդանի ձուկ – 46,13%
  • Լոլիկ — 43.08%
  • Ծաղիկ (կգ) – 32,92%
  • Խնձոր — 24.41%

 

Արտահանման ամենամեծ նվազում արձանագրած ապրանքատեսակները

  • Բողկ – 100%
  • Տանձ — 99,94%
  • Հոն — 99,52%
  • Ձկնկիթ — 98,76%
  • Ձուկ պաղեցված — 98.20%
  • Ծիրան – 87,72%
  • Վարունգ 82%
  • Ֆիլե ձկան — 79.97%
  • Սեխ – 76,70%
  • Խաղող — 75.36%
  • Թուզ — 73,81%
  • Սմբուկ — 67,17%
  • Դեղձ — 59.95%
  • Ձուկ սառեցված — 55.62%
  • Հատով ծաղիկ – 53,51%
  • Սալոր — 35,37%
  • Բամիա — 31,12%

 

Հայաստանից մի շարք ապրանքատեսակների աարտահանում է արձանագրվել, որոնք, սակայն, վերաարտահանումներ են․

  • Բանան – 60255 կգ
  • Կիվի – 6240 կգ
  • Մանդարին — 11730

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նախորդ երկու ինֆոգրաֆիկաներում, որոնք վերաբերում էին հունիս  և հուլիս ամիսների արտահանումներին, ներկայացրել էինք նաև արտաահանումները ըստ երկրների, ինչն այս անգամ բացակայում է։

Բանն այն է, որ հունիս և հուլիս ամսվա տվյալկները ուսումնասիրելով՝ Yerevan.Today-ը բացահայտել էր հնարավոր կոռուպցիոն սխեմա։

Այսպես, բացահայտել էինք, որ 2026թ․ հունիս ամսվա համար նշվել է, թե Ուզբեկստան է արտահանվել  1606480 կգ կամ 1606 տոննա 480 կիլոգրամ ծիրան, որի համար կառավարությունը նախատեսել է կամ տրամադրել է 321 մլն 296 հազար դրամ սուբսիդիա, 615952 կգ կամ 615 տոննա 952 կիլոգրամ կեռաս (246 մլն 380 հազար 800 դրամ սուբսիդիա): Ընդհանուր՝ 567 մլն 676 հազար 800 դրամ։

Սակայն Ուզբեկստանի հրապարակած պաշտոնական թվերով, 2026թ․ հունիս ամսին այդ երկիր ծիրան և կեռաս չի ներկրվել։

2026թ․ հուլիս ամսին արտահանվել է Ուզբեկստան սալոր, կեռաս, ծիրան, որոնց համար հատկացվել կամ նախատեսվել է 589 մլն 245 հազար 300 դրամ սուբսիդիա։

Համաձայն Ուզբեկստանի պաշտոնական տեղեկատվության, 2026թ․ հուլիս ամսին այդ երկիր չի մտել կեռաս, սալոր, իսկ ծիրան ներկրվել է ընդամենը 20 տոննա, ընդ որում՝ մեզ հայտնի չէ, թե որ երկրից։

Կառավարությունը, դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն և այլ պատկան կառույցներ որևէ արձագանք չհնչեցրին հրապարակմանը, փոխարենը արձագանքեց ՍԱՏՄ-ն՝ հաջորդ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար հարցումներում հրաաժարվելով տալ պատկերը, թե որ երկրներ են աարտահանվել։

Այդ կառույցից մեկնաբանում են, թե՝ դա արվում է ի շահ արտահանողների։ Սակայն տրամաբանությունը անհասկանալի է, թե, օրինակ, եթե նշում են՝ որևէ ապրանք է արտահանվել X երկիր, դա ինչո՞վ է վնասում արտահանողների շահերին։

Փաստացի, ոչ թե կառավարությունը փորձեց բացահայտել հնարավոր կոռուպցիան, այլ՝ փակեց մամուլի համար այն բացահայտելու հնարավորությունը։