|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Բժիշկները պայքարում են ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար։ «Փաստինֆո»-ն ազգականներից տեղեկացել է, որ այսօր վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ կա և կասկածի տակ է՝ առհասարակ հետագայում նրա քայլելու հնարավորությունը։ Կա խնդիր նաև ծնկի շրջանում, բայց բեկորային վնասվածքը և անոթի վիճակը շատ ավելի վտանգավոր է։ Բժիշկները փորձում են պայքարել՝ փրկելու նրա ոտքը և հետագայում նրա քայլելու հնարավորությունը։ Առաջիկայում ևս պարբերական բնույթ կրող վիրահատություններ են սպասվում։ Ձեռքի մատները կորցնելու մասին անգամ չի խոսվում։ Ազգականները նաև մտահոգված են, որ կնոջ վիճակով անգամ հետաքրքրվող չկա։ Ազգականները մտահոգված են՝ վիճակը լավ չէ։
Ի դեպ, այսօր առավոտյան ՀՀ առողջապահության նախարարությունից հրաժարվում էին տեղեկություն տրամադրել Անի Ավետիսյանի վիճակից։ Պնդում էին, թե երեկ նախարարի մակարդակով նշվել է, որ կայուն է, իսկ կայունությունը ենթադրում է, որ վիճակի փոփոխություն չկա, մինչդեռ, փաստորեն իրականությունն այլ է՝ կնոջ վիճակը շատ ավելի վատ է, քան փորձում են ներկայացնել։
Հիշեցնենք, որ ադրբեջանցու ՀՀ ներթափանցման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 1-ին։ ԱԱԾ-ից պաշտոնապես հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Ադրբեջանական կողմն իր հերթին է տեղեկացրել, որ զինծառայողը անհետացել է սեպտեմբերի 26-ից։ Ադրբեջանցին, ով ապօրինի ներխուժել էր ՀՀ, կիլոմետրեր անարգել շրջել ՀՀ ինքնիշխան տարածքում, մուտք գործել ՀՀ քաղաքացու տուն, կրակել տանտիրուհու ոտքերին և մարմնական վնասվածքներ հասցրել նաև նրա երեխաներին։ Կինն ինքն է չեզոքացրել ադրբեջանցուն։
Հանրային դժգոհություններից և բարձրացված աղմուկից հետո դատախազությունը հայտնեց, որ ադրբեջանցու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, առողջությանը զենքի գործադրմամբ վնաս պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու, մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար։ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Պետական մարմինները պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել դեպքի հանգամանքների մասին, թե ինչպես են իրադարձությունները զարգացել, որ երեխաներին պաշտպանելիս մայրը նման ծանր վնասվածք է ստացել։ Դեպքի մասին լայն հանրությունը տեղեկանում է միայն տուժողի հարազատների պատմածներից։