կարևոր
601 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 23:39
Քաղաքական

Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ

Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ

Ադրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը»՝ մինչև Շաքի։ Այս մասին գրում է Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն՝ անդրադառնալով Սյունիք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցելու դեպքին։

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չի բացառվում, որ ապօրինի հատել է Հայաստանի սահմանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների իրավասու մարմինները սկսել են որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ կրակողը որոնվող ադրբեջանցի զինծառայողն է։ Նա ձերբակալվել է, դեպքի մասին տեղեկացվել է ադրբեջանական կողմը, իսկ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այսպիսով, հայկական կողմը հնարավոր սահմանախախտի մասին տեղեկացված էր առնվազն երկու օր։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ զինծառայող Նասիմ Ռասիմ օղլու Մուսաևը սեպտեմբերի 26-ից բացակայել է Լաչինի ուղղությամբ տեղակայված զորամասից, և նրա որոնումը սկսվել է նույն օրը։ Սակայն Բաքուն Երևանին տեղեկացրել է միայն սեպտեմբերի 29-ին՝ անհետացումից երեք օր անց։

Մտահոգիչ է, որ նախազգուշացման և հայտարարված որոնումների պայմաններում՝ Մուսաևը հայտնաբերվել է միայն Շաքիում ՀՀ քաղաքացու նկատմամբ հրազեն կիրառելուց հետո։ Որոնողական գործողությունները չեն կանխել նրա հնարավոր ապօրինի մուտքը, Շաքի հասնելը կամ կրակոցը։

Այս միջադեպը պահանջում է պարզաբանել մի քանի առանցքային հանգամանքներ։

Առաջին՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը և Լաչինի ուղղությունից հասել Շաքի։

Պետք է պարզել, թե ո՞ր հատվածով է նա մուտք գործել Հայաստանի տարածք, ինչպե՞ս է շրջանցել սահմանային վերահսկողությունն ու անվտանգության համակարգերը:

Երկրորդ՝ ինչո՞ւ նախազգուշացումից հետո երկու օր, իսկ զինծառայողի անհետացումից հետո՝ շուրջ հինգ օր, նրան չեն հայտնաբերել։

Անհրաժեշտ է ներկայացնել հայկական կողմի որոնողական գործողությունների ամբողջական պատկերը՝ ներգրավված ուժերը, որոնված տարածքները և արդյունքները։

Պետք է պարզաբանել նաև Բաքվի վարքագիծը․ եթե Մուսաևը որոնվում էր սեպտեմբերի 26-ից, ինչո՞ւ է Հայաստանին տեղեկացվել միայն սեպտեմբերի 29-ին։

Երրորդ՝ ի՞նչ իրավական ճակատագիր է սպասվում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողին։

Քրեական վարույթ արդեն նախաձեռնվել է։ Պետք է պարզ լինի՝ այն կհասնի՞ իրավական ավարտին՝ սահմանն ապօրինի հատելու և ՀՀ քաղաքացու նկատմամբ հրազեն կիրառելու հանգամանքների ամբողջական քննությամբ, թե՞ գործը կդառնա քաղաքական պայմանավորվածության առարկա։

Նման նախադեպ եղել է 2023 թվականին, երբ Հայաստան ապօրինի մուտք գործած երկու ադրբեջանցի զինծառայողներ հանձնվեցին Ադրբեջանին՝ 32 հայ գերիների ազատ արձակման դիմաց։ Նրանցից մեկը Հայաստանում դատապարտվել էր քաղաքացիական անձի սպանության համար։

Եթե այս անգամ ևս քննարկվի զինծառայողին Ադրբեջանին հանձնելու տարբերակը, պետք է հստակ լինի՝ Հայաստանը դրան զուգահեռ բարձրացնելո՞ւ է Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը, և ի՞նչ իրավական ու քաղաքական պայմաններով կարող է նման որոշում ընդունվել։

Հանրությունն իրավունք ունի ստանալու միջադեպի ամբողջական ժամանակագրությունը՝ որտե՞ղ և ե՞րբ է հատվել սահմանը, ինչպե՞ս է զինծառայողը հասել Շաքի, որտե՞ղ է գտնվել այդ օրերին, ինչո՞ւ որոնումը արդյունք չի տվել, և ի՞նչ իրավական ընթացակարգ է սպասվում նրան։

Գլոբալ առումով, այս միջադեպը պետական սահմանի վերահսկողության և քաղաքացիների անվտանգության ապահովման արդյունավետության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին է»,-գրել է քաղաքագետը։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի է մտել և կրակել բնակիչներից մեկին։

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը՝ գրելով․ 

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ 

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։  

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։

ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։