կարևոր
481 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 23:14
Հասարակություն Քաղաքական

Հայաստանի պետական սահմանը հատած և հայ քաղաքացու նկատմամբ զենք կիրառած ադրբեջանցի զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի

Հայաստանի պետական սահմանը հատած և հայ քաղաքացու նկատմամբ զենք կիրառած ադրբեջանցի զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն է տարածել Սյունիք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցելու դեպքի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Դեռ սեպտեմբերի 29-ից Հայաստանի իշխանությունները տեղեկություն ունեին, որ զինված ադրբեջանցի զինծառայողը կարող է ապօրինի հատել Հայաստանի սահմանը։

Չնայած դրան՝ այսօր նա հասել է հայկական բնակավայր և կրակել անզեն կնոջ վրա։

Այս դեպքը չի կարող մնալ պարզապես հերթական հաղորդագրության կամ քրեական վարույթի մակարդակում։

Հայաստանի պետական սահմանը հատած և հայ քաղաքացու նկատմամբ զենք կիրառած ադրբեջանցի զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի։

Նրա հնարավոր վերադարձը Ադրբեջանին չի կարող ներկայացվել որպես «բարի կամքի քայլ» կամ հերթական միակողմանի զիջում։

Մենք պահանջում ենք Հայաստանի իշխանություններից.

1)Չշտապել հանձնել ադրբեջանցի զինծառայողին Ադրբեջանին,

2)ապահովել նրա նկատմամբ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված իրավական գործընթացը,

3)օգտագործել ստեղծված իրավիճակը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ իրական բանակցությունների համար,

4)առաջնահերթ պաշտպանել Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն ու արժանապատվությունը։

Վաղը՝ հոկտեմբերի 2-ին միացի՛ր բողոքի ակցիային։

Հոկտեմբերի 2

15:00

ԱԱԾ շենքի դիմաց»։

 

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի է մտել և կրակել բնակիչներից մեկին։

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը՝ գրելով․ 

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ 

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։  

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։

ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։