|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Փաստինֆո»-ն գրում է.
«Արաքսիա Սվաջյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է «Աղբյուր» ճամբարի շուրջ տեղի ունեցած սկանդալի հետևանքով։ Համենայն դեպս, դա է վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ-ից ստացված գրությունը։ Ընդ որում՝ հարցումն ուղարկել էինք դեռևս օգոստոսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ պատասխանն ստացել ենք միայն նախօրեին, երբ Սվաջյանն արդեն ազատվել էր պաշտոնից։
Հիշեցնենք, որ ամռան ամիսներին մեծ աղմուկ էին բարձրացրել «Աղբյուր» ճամբարում տիրող անմխիթար վիճակի մասին բացահայտումները։ Իսկ այս ճամբարում պետության հովանավորությամբ պետք է կազմակերպվեր սոցիալապես անապահով և խոցելի խմբերի 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը։ Այդ նպատակի համար կառավարությունը հատկացրել էր 32 մլն դրամ։
«Ազատություն»-ը պարզել էր, որ ճամբարում արձանագրվել էին լուրջ խնդիրներ՝ հիգիենայից մինչև սնունդ․ երեխաների համար չեն եղել քնելու, լվացվելու տարրական պայմաններ, իսկ սննդի մասին խոսելն անգամ ավելորդ է եղել, ինչի պատճառով «Աղբյուր» ճամբարի բոլոր երեխաները տեղափոխվել էին Ծաղկաձորի մոտ գտնվող Փյունիկ գյուղի «Զեփյուռ» ճամբար։ Այս տեղեկությունը ԿԳՄՍ-ն պաշտոնապես հաստատել էր։ Ավելին, նշվել էր, որ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքով ծառայողական քննություն է նշանակվել։
«Փաստինֆո»-ն փորձել էր ԿԳՄՍ-ից տեղեկանալ ծառայողական քննության արդյունքների մասին, սակայն այս գերատեսչությունից ուղղորդել էին հարցերով դիմել կառավարություն։ Օգոստոսի 12-ին գրավոր հարցում ուղարկեցինք ՀՀ վարչապետին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ծառայողական քննության արդյունքների մասին, այն է՝ պետական միջոցներով «Աղբյուր» ճամբարի աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման համար քանի՞ պաշտոնատար անձ է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ովքե՞ր, և պատասխանատվության ի՞նչ միջոց է կիրառվել նրանց նկատմամբ, «Աղբյուր» ճամբարի կազմակերպման համար հատկացված պետական միջոցների հնարավոր ոչ արդյունավետ կամ ոչ նպատակային օգտագործման վերաբերյալ նյութեր ուղարկվե՞լ են իրավապահ մարմիններին, եթե այո, ապա ո՞ր իրավապահ մարմնին է ուղարկվել և երբ, քննարկվո՞ւմ է արդյոք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի պաշտոնից ազատման հարցը՝ «Աղբյուր» ճամբարում արձանագրված խնդիրների և դրանց կազմակերպման համար պատասխանատվության համատեքստում։
Մեր հարցումից անցան շաբաթներ, սակայն ոչ կառավարությունը, ոչ էլ ԿԳՄՍ-ն համառ լռություն էին պահպանում, և միայն Սվաջյանի՝ աշխատանքից ազատվելու պաշտոնական տեղեկությունից հետո կառավարությունից հայտնեցին, թե հարցումը վերահասցեագրվել է ԿԳՄՍ-ին, որտեղից էլ նախօրեին ստացանք հետևյալ բովանդակությամբ պատասխանը․ «Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը (ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքով)՝ իրականացվել են ծառայողական քննություններ՝ ԿԳՄՍ նախարարի և գլխավոր քարտուղարի համապատասխան հրամանների համաձայն: Ծառայողական քննության արդյունքների հիման վրա Հանրակրթության վարչության երկու աշխատակցի նկատմամբ համապատասխանաբար կիրառվել են «նկատողություն», «ծառայության դադարեցում» կարգապահական պատասխանատվության միջոցները:
ԿԳՄՍ նախարարությունը սահմանված ընթացակարգով միակողմանի լուծել է ճամբարի կազմակերպման նպատակով «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը, նշված ընկերությանը համապատասխան ֆինանսական միջոցներ չեն հատկացվել: Միաժամանակ տեղեկացնում ենք՝ այժմ ուսումնասիրվում է ԵԴ2/9219/02/26 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ պայմանագրի միակողմանի լուծումն անվավեր ճանաչելու մասին»:
ԿԳՄՍ-ից չեն նշել, թե արդյոք 3,5 տարի փոխնախարար պաշտոնավարած Արաքսիա Սվաջյանն է կիրառված կարգապահական տույժի հետևանքով ազատվել պաշտոնից, թե նա ընդամենը ստացել է նկատողություն ու սեփական դիմումի համաձայն հեռացել։ Ավելին՝ նախարարությունը չի պատասխանել նաև հարցին, թե արդյոք պետական միջոցները վատնելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Փաստն այն է, որ այս պահին ոչ ՀԿԿ-ում (Հակակոռուպցիոն կոմիտե), ոչ ՔԿ-ում նման վարույթ չկա, ինչից կարող ենք եզրակացնել, որ ԿԳՄՍ-ն նման նյութեր չի էլ ուղարկել, ու ստացվում է, որ այս գերատեսչությունը ստանձնել է պետական միջոցները վատնելու դեպքը պարտակելու դերակատարումը, ինչն արդեն քաղաքական կոռուպցիայի դրսևորում է։ Փոխարենը՝ «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ն է դատի տվել նախարարությանը, որի հայցը վարույթ է ընդունվել»։