|
Փոխարժեքներ
05 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.01 |
| EUR | ⚊ | € 422.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.526 |
| GBP | ⚊ | £ 493.33 |
| GEL | ⚊ | ₾ 140.08 |
Արագածոտնի թեմի երիտասարդաց միության շուրջ 200 անդամներ մասնակցեցին համաթեմական ուխտագնացությանը՝ դեպի Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի։
Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյաննի հանդիսապետությխմբ մատուցվեց
Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագը մատուցեց Արագածոտնի թեմի երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Տեր Հայրն, իր շնորհակալությունն հայտնեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին՝ հայրական օրհնության և ջերմ հյուրընկալության համար, ինչպես նաև Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանին՝ երիտասարդական ծրագրերի իրականացման և համաթեմական ուխտագնացության կազմակերպմանը իր օրհնության և աջակցության համար:
Տեր Հայրն իր որդիական առանձնակի երախտագիտությունն հայտնեց Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին՝ թեմի երիտասարդական կյանքի զարգացմանն ու երիտասարդների հոգևոր դաստիարակությանը մշտապես հայրական հոգածությամբ և օրհնությամբ աջակցելու համար։
Տեր հայրը դիմելով երիտասարդներին՝ պատգամեց հավատարիմ մնալ իրենց քրիստոնեական հավատքին ու ազգային արժեքներին, սիրել և պահպանել Սուրբ Եկեղեցին, լինել պատասխանատու ու նվիրված իրենց համայնքների կյանքում։ Տեր Հայրն ընդգծեց, որ երիտասարդները երբեք միայնակ չեն իրենց ծառայության և կյանքի ճանապարհին՝ հավաստիացնելով, որ Եկեղեցին մշտապես իրենց կողքին է՝ աղոթքով, օրհնությամբ և հոգածությամբ։
Հատկանշական էր երիտասարդների մասնակցությունը Սուրբ Պատարագին. Սուրբ Խորհրդին երգում էին համայնքների եկեղեցական երգչախմբերի անդամները, իսկ Սուրբ խորանում սպասավորում էին այն դպիրները, ովքեր իրենց համայնքների եկեղեցիներում հավատարմորեն ծառայում են իրենց հոգևոր հովիվների հետ։
Սուրբ Պատարագից հետո երիտասարդները մասնակցեցին սիրո ճաշի:
Այնուհետև անցկացվեց հոգևոր-ուսուցողական հանդիպում-քննարկում ՝ «Տասը պատվիրանները և Ինը երանիները թեմայով»:
Երիտասարդները բաժանվեցին խմբերի, քննարկեցին, ներկայացրին իրենց մտորումներն ու ընկալումները՝ անդրադառնալով, թե ինչպես են Աստծո պատվիրաններն ու Քրիստոսի երանիները դրսևորվում իրենց առօրյա կյանքում։ Քննարկումն ամփոփեց արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ ներկայացնելով Սուրբ Գրքի Տասը պատվիրանների և Ինը երանիների հոգևոր նշանակությունը՝ պատասխանելով նաև երիտասարդներին հուզող հարցերին։
Համաթեմական ուխտագնացությունն ավարտվեց միասնական աղոթքով, նոր ծանոթություններով և հոգևոր մեծ ուժ ստացած։
Այս օրը ևս մեկ առիթ է վերհաստատելու, որ երիտասարդությունը, միավորված Սուրբ Եկեղեցու շուրջ, կոչված է լինելու հավատքի, սիրո և ծառայության կրողը՝ իր համայնքներում և հասարակության մեջ: