կարևոր
1036 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-01 17:30
Իրավական

Ուրիշի գույքի ապօրինի օգտագործումը հանցագործություն է. փաստաբանը՝ «Մուլտի Ուելնեսի» մասին

Ուրիշի գույքի ապօրինի օգտագործումը հանցագործություն է. փաստաբանը՝ «Մուլտի Ուելնեսի» մասին

«Մուլտի Ուելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրի շենքի և ներսում եղած ողջ շարժական գույքի օգտագործման վերաբերյալ փաստաբանները հարցումներ են ուղարկել համապատասխան մարմիններին` հետագա քայլեր ձեռնարկելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ հուլիսի 31-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե «Մուլտի Ուելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրը վերաբացվել է ու այսուհետև գործելու է «Երևան Ուելնես սենթր» նոր անունով։ Նա նաև ընդգծել էր, որ նախկինում գնված բոլոր փաթեթները գործելու են։ Օգոստոսի 1-ին էլ «Մուլտի Ուելնես» ՍՊԸ-ի տնօրեն Արման Փիրոյանը հայտարարել էր, որ կենտրոնի ողջ շարժական գույքը ապօրինի կերպով խլել է Երևանի քաղաքապետարանը։

«Ակնհայտորեն գտնում ենք, որ անօրինական գործողություն և որոշում է կայացվել։ Դրա հետ կապված կոնկրետ իրավական գործընթացներ իրականացվում են։ Այժմ էլ շարժական գույքն են կարծում, թե իրենց սեփականությունն է և պատրաստվում են օգտագործել, իսկ ուրիշ գույքի ապօրինի օգտագորոծւմը հանցագործություն է։ Այս առիթով համապատասխան հարցումներ են ուղարկվել, և դրանք հաստատվելուց հետո նաև կոնկրետ իրավական գործընթացներ կլինեն։ Անշարժ գույքի շահագործումը համայնքին անցնելը ինքնին անօրինական է, և անկախ այդ ամենից, շարժական գույքը շարունակում է պատկանել «Մուլտի Ուելնես» ՍՊԸ-ին», - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` հարցումների պատասխաններում համապատասխան մարմինները պետք է հերքեն կամ հաստատեն շարժական և անշարժ գույքի օգտագործումը։

Փաստաբանը չբացառեց, որ այս ամենի վերաբերյալ գուցե հանցագործության մասին հաղորդում էլ ներկայացնեն, ուղղակի այժ սպասում են հարցումների պատասխաններին, որպեսզի հստակ լինեն հետագա գործողությունները։