|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանի նահանգի Էդրեմիթ շրջանում մեկնարկել է «Ընդհանուր բանականության պլատֆորմ ապագայի համար. Վանա լճի ավազանի կայուն ապագան» խորագրով աշխատաժողովը, որի նպատակն է լճի ավազանի պահպանությունն ու ապագայի ռազմավարական պլանավորումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջոցառմանը, որն անցկացվում է Վանի և Բիթլիսի նահանգապետարանների, Վանի «Yüzüncü Yıl» և Բիթլիսի «Eren» համալսարանների, ինչպես նաև «Sıfır Atık» (Զրոյական թափոն) հիմնադրամի համագործակցությամբ, մասնակցում են պետական կառույցների, բուհերի և հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ:
Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության փոխնախարար Բուրաք Դեմիրալփն ընդգծել է, որ Վանա լիճը Թուրքիայի կարևորագույն էկոհամակարգերից մեկն է: Նա ներկայացրել է այդ պահի դրությամբ իրականացված աշխատանքների արդյունքները:
Ըստ այդմ՝ Վանի ավազանում կեղտաջրերի մաքրման ցուցանիշը 38.4%-ից հասել է 98.9%-ի, իսկ ամբողջ ավազանում՝ 99.8%-ի: 2020-ի սեպտեմբերից ի վեր Վանում մաքրվել է 2.1 մլն խմ, իսկ Բիթլիսում՝ 43.000 խմ տիղմ: Որպես բնապահպանական աջակցություն նախարարությունը Վանին հատկացրել է 480 մլն, իսկ Բիթլիսին՝ ավելի քան 568 մլն լիրա (ազգային արժույթ):
Աշխատաժողովի ավարտին նախատեսվում է հրապարակել նաև եզրափակիչ հռչակագիր, որով կձևավորվի «Վանա լճի ավազանի 2050-ի տեսլականը»: Դեմիրալփը նշել է, որ նպատակները, որոնք կսահմանվեն կլիմայի վերաբերյալ «COP31» գագաթնաժողովի շրջանակում (որն այս տարի Թուրքիան հյուրընկալելու է Անթալիայում – խմբ.), կարտացոլվեն նաև «Վանա լճի ավազանի գործողությունների ծրագրում»:
Միջոցառման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, կլիմայի փոփոխության և կայուն զարգացման թեմաների շուրջ: