|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է երկու ամսով կալանավորել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից մեկին՝ Դավիթ Մինասյանին։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնեց նրա պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը`դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, արդեն շուրջ 3 ժամ է՝ քննում է միջնորդությունը։
«Իմ գնահատմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը չի կարողանում հիմնավորել ներկայացված միջնորդությունը», նշեց պաշտպանը։
Ինչ վերաբերում է Դավիթի ինքնազգացողությանը, ապա ամբողջ նիստի ընթացքում նա փաստաբանի ձեռքը բռնած է եղել, դատարանը թույլ է տվել, որ Դավիթը հարցերին նստած պատասխանի։
Պաշտպաններից Սերգեյ Հարությունյանի գնահատմամբ՝ այն փաստաթղթերը, որ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էին, բավարար էին, որ կալանքի այս միջնորդությունը առհասարակ չլիներ։
«Հիմքեր ընդհանրապես չկան։ Չափազանց անհիմն ենթադրություններ են, թե կարող է նոր հանցագործություններ կատարել՝ պայմանավորված նաև այս իրավիճակով, սպասվող ընտրություններով և այլն։ Այդ բոլոր հիմքերը մերկապարանոց են։ Իմ կարծիքով՝ խնդիրը զուտ նախադեպ ստեղծելն է»,- նշեց Հարությունյանը։
Պաշտպանի կարծիքով՝ իրավապահ համակարգն իրականում լրիվ այլ վարույթ պետք է նախաձեռներ՝ հոգևոր ծեսի խոչընդոտման հետ կապված (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անվտանգության աշխատակիցների կողմից. խմբ․)։