«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մանկավարժական համալսարանի պաշտոնյաների կաշառքի գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախաքննական մարմինը գործով անցնող անձանց հարցաքննությունից հետո նոր հանգամանքներ է ի հայտ բերել, ու չի բացառվում, որ մեղադրյալների շարքը ավելանա։ Չի բացառվում նաև, որ բուհում այս պահին պաշտոնավարող անձինք ևս հայտնվեն իրավապահների տեսադաշտում։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը ավարտական փուլում է։ Չի բացառվում, որ առաջիկայում նախաքննական մարմինը քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի և գործը ուղարկի դատարան։
ArmLur.am-ը գրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր քննիչի միջնորդությունը՝ ՀՀ մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ»։