կարևոր
901 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-31 00:01
Հասարակություն

Սուրեն Պապիկյանը խախտել է օրենքը. Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել

Սուրեն Պապիկյանը խախտել է օրենքը. Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել

Փաստաբան Արա Զոհրաբյանն անդրադարձել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված հոգևորականների՝ գնդերեցների ծառայությունը դադարեցնելու մասին հրամանին։

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ «ԼՈՒԾԱՐԵՑ» ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

1997թ․ նոյեմբերի 13-ին նախկին Ամենայն Հայոց Կաթողիկոս երջանկահիշատակ Գարեգին Ա֊ի և նախկին ՀՀ պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի կողմից ՀՀ Զինված ուժերում ստեղծվել է Հայստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգևոր ծառայությունը (այսուհետ՝ Հոգևոր ծառայություն):

ՀՀ պաշտպանության նախարարի 19.07.2000թ․ թիվ 728 հրամանով գործածության մեջ է դրվել Հոգևոր ծառայության կանոնադրությունը, իսկ 14.09.2000թ․ կանոնադրությունը հաստատվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:

Ըստ այդ կանոնադրության Հոգևոր ծառայության նպատակներից էր՝

– ՀՀ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Քրիստոսի Ավետարանին և քրիստոնեական հավատքի սկզբունքներին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքի, եկեղեցական կանոնների և ավանդության համաձայն․

– ՀՀ զինված ուժերի անձնակազմին դաստիարակել քրիստոնեական֊բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով:

Հոգևոր ծառայությունն ուներ հետևյալ կառուցվածքը՝ ՀՀ զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդ, ՀՀ բանակային կորպուսների և զորամասերի հոգևոր սպասավորներ:

Զինված ուժերի հոգևոր ծառայության մեջ ներգրավված են եղել 42 հոգևորական, որոնցից՝

– 8֊ը՝ ժամկետային զինծառայող՝ սարկավագի կարգավիճակով, իսկ

– 34-ը՝ կամավոր Մայր Աթոռի կողմից նշանակված հոգևորականներ, այդ թվում՝ 1 վարդապետ, 16 քահանա և 17 սարկավագ:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 29.01.2026թ․ թիվ 159 հրամանով ուժը կորցրած է ճանաչվել նախարարի 19.07.2000թ․ հրամանը: Այս հրամանով պաշտպանության նախարարությունը փաստացի դադարեցրել է Զինված ուժերի հոգևոր ծառայության գործունեությունը: 42 հոգևորականից միայն 8-ն են ծառայելու, որպես ժամկետային ծառայող ԶՈՒ ԳԾ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ, մնացած 34-ը՝ այլևս չեն ծառայելու:

ՊՆ Սուրեն Պապիկյանը խախտել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում:

ՊՆ Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, ըստ որի՝ հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Ինչպես տեսնում ենք նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը:

Այս գործընթացի առիթը հանդիսացել է այն, որ գնդերեցները հրաժարվել են պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին:

Սա իրավական կողմն է: Իսկ բարոյահոգեբանական կողմը նա է, որ այս իշխանությունն իրականում թիրախավորել է ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ:

Փոխանակ, ամեն ինչ անեն, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, հակառակն են անում:

Բանակի ղեկավարությունը փոխանակ, ամեն ինչ անի, որ ունենանք իրական քրիստոնյա զինվորականներ, անում է ուղիղ հակառակը, ինքն էլ է միջամտում Եկեղեցու ներքին գործերին:

Իրական քրիստոնյա զինվորականը, ով հավատում է Քրիստոսին, չի վախենում մահվանից, ընկերոջը չի թողնի նեղության մեջ, փոքրոգիության պատճառով փախուստի չի դիմի, իր Աստծու և հայրենիքի համար պատրաստ կլինի նահատակության: Այս որակի մեկ զինվորը թշնամու հարյուր զինվորից ավելի ուժեղ կլինի:

Պատկերացնում եք, թե ինչ մեծ վնաս է հասցնում այս իշխանությունը մեր ազգին: Հավատացե՛ք, եկեղեցահալած այս քաղաքականության հաշիվը վճարելու ենք ամբողջ ազգով և մեծ ու ծանր գին ենք վճարելու»: