կարևոր
370 դիտում, 5 ժամ առաջ - 2026-01-16 17:16
Իրավական

Փաստորեն ինձ նոր մեղադրանք է առաջադրվո՞ւմ. Արմեն Գևորգյանը՝ դատարանում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի, ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով այսօրվա դատական նիստում պաշտպանության կողմն անդրադարձավ հանրային մեղադրողի կողմից հոդվածի փոփոխությանը։

ՀՀ երկորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը հայտնեց, որ այս գործով մեղադրանք չկա, չեն ունեցել, ինչ-որ բան է նկարագրված ու հղում է արվել գոյություն չունեցող հոդվածին։

«Դատախազը տեքստ է փոխել, հոդված է փոխել, ասել են՝ տեքստ չես կարող փոխել, ինքն էլ միայն հոդվածն է փոխել, ստացվել է, որ ներքևի հոդվածը կապ չունի վերևի տեքստի հետ։ Իրար հետ կապ չունեցող բաներ են, հետևաբար դատարանը չունի պարտավորություն դա քննելու»,-ասաց Օրբելյանը՝ ավելացնելով, որ նման պարագայում դատախազը պետք է աներ իրավաչափ գործողություն, պետք է հրաժարվեր մեղադրանքից։

Դատավոր Սարգիս Պետրոսյանն ասաց՝ դատարանն այդ հարցերին, ինչպես նաև  անձեռնմխելիության հետ կապված հարցին դեռ կանդրադառնա։

Հանրային մեղադրողի միջնորդությունը հարցեր ու առարկություններ առաջացրեց նաև դատավարության մյուս մասնակիցների մոտ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան լուսինե Սահակյանը հարցրեց դատավորին՝ ճի՞շտ է հասկանում, որ այս պահից սկսած Արմեն Գևորգյանը նոր մեղադրանք ունի։

«Այդ հարցի քննարկմանը դատարանն անդրադարձ կկատարի»,-ասաց դատավորը։

«Ես ուզում եմ հասկանալ, այսօր Արմեն Գևորգյանն առանց անձեռնմխելիությունից զրկվելու ունի նո՞ր մեղադրանք»,-հարցրեց փաստաբանը։

«Պարոն Գևորգյանի նկատմամբ քրեական մեղադրանքը սկսել է 2018 թվականից։ Դրանից հետո քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվելու, ինչը վերացվել է, այսինքն օրինական ուժ չի ստացել, ինչը նշանակում է, որ պարոն Գևորգյանի նկատմամաբ քրեական հետապնդումը շարունակվում է»,-ասաց դատավորը։

«Նոր մեղադրանք կա՞»,-հարցը կրկնեց Լ. Սահակյանը։

Արմեն Գևորգյանն իր հերթին հարց հնչեցրեց՝ այսօր իր նկատմամաբ առաջադրվե՞ց նոր մեղադրանք առանց իրեն անձեռնմխելությունից զրկելու։

«Ի՞նչ կապ ունի, իմ նկատմամբ ե՞րբ է քրեական հետապնդում սկսել։ Դուք ասում եք, քրեական հետապնդումը սկսել է 2018-ին, ես էլ ասում եմ, որ 2021-ին երբ ես դարձել եմ ԱԺ պատգամավոր Քրեական օրենսգրքում 300.1 հոդված չի եղել, ես էլ այդ հոդվածով դատապարտված չեմ եղել։ Ես մեկ տարի առաջ այդ հարցը ես Ձեզ տվել եմ, ասել եմ, եթե հաստատեք դատախազի մեղադրանքը, համարո՞ւմ եք, որ իմ նկատմամաբ նոր մեղադրանք է առաջադրվում, Դուք ասացի՝ այո»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։  Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։

Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը: Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:

Մանրամասները՝ տեսանյութում։