կարևոր
2149 դիտում, 1 օր առաջ - 2025-04-01 19:12
Հասարակություն

Վեհափառը և Հունգարիայի եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղարը խոսել են Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրի մասին

Վեհափառը և Հունգարիայի եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղարը խոսել են Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրի մասին

Ապրիլի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար, Լյութերական-Ավետարանական եկեղեցու վերապատվելի Վիլմոշ Ֆիշլի գլխավորած պատվիրակությանը։

«Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետը վերջիններիս այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին այս դժվարին ժամանակներում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն արտահայտեց Հունգարիայի կողմից նախաձեռնված՝ արցախահայերի աջակցությանն ուղղված ծրագրերի առնչությամբ։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման խնդրին, գոհունակությամբ հաստատեց, որ շնորհիվ Հունգարիայի կառավարության և Մայր Աթոռի գործակցության 2021 թվականին հնարավոր եղավ ապահովել հինգ հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև հայ-հունգարական փոխգործակցությանը, Հայոց Եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի ազգային-հոգևոր կյանքին։

Զրույցի ընթացքում վերապատվելի Վիլմոշ Ֆիշլը խոսեց հայ-հունգարական պատմական առնչակցությունների մասին, կարևորեց ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգ ունեցող երկու ժողովուրդների հարաբերությունների առավել զորացումն ու ամրապնդումը»,–ասված է հաղորդագրության մեջ։