1858 դիտում, 2 օր առաջ - 2025-03-28 09:55
Հասարակություն

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ Ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լինելով ոլորտային հանձնաժողովի նախագահ, իր որդուն ազատել է տվել պարտադիր ժամկետային զինծառայությունից:

ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ Լեւոն Քոչարյանը 2010 թվականից մինչեւ 15.06.2019 թվականն ունեցել է ուսումնական տարկետում, քանի որ ուսումնառել է բակալավրիատի, մագիստրոսական, ապա ասպիրանտական ծրագրով։ 2019 թվականի երկրորդ եւ 2020 թվականի առաջին զորակոչերի ընթացքում ստացել է տարկետում յուրաքանչյուրը հինգ ամիս՝ պայմանավորված առողջական վիճակով:

Այսինքն, Անդրանիկ Քոչարյանն իր որդուն սկզբում բանակից փախցրել է գիտության մեջ նվաճումների հիմքով, բայց հետո՝ առողջական:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց, թե գիտական ինչ հետազոտություններ է արել, ինչ նվաճումների է հասել իր որդին՝ Լեւոն Քոչարյանը, սակայն հայրն այդպես էլ «չգաղտնազերծեց» եւ իրեն բնորոշ ամբարտավանությամբ՝ դուռը շրխկացրեց հարց տվող լրագրողի վրա»: