կարևոր
850 դիտում, 2 ժամ առաջ - 2025-03-18 17:55
Հասարակություն

Ավտոներկրող ընկերությունների ներկայացուցիչները հայտնվել են անորոշ իրավիճակում․ ահազանգ

Ավտոներկրող ընկերությունների ներկայացուցիչները հայտնվել են անորոշ իրավիճակում․ ահազանգ

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Ավտոներկրող ընկերությունների ներկայացուցիչներն ահազանգում են, որ տևական ժամանակ է՝ հայտնվել են անորոշ իրավիճակում։

Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության որոշմամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման 8000 քվոտայից 5000-ը, որոնք հատկացվել էին ֆիզիկական անձանց և սուբյեկտներին, սպառվել է, և քվոտաների չավելացման դեպքում ավտոներկրողները ստիպված են լինելու վճարել բավականին բարձր մաքսատուրքեր։

Ըստ վերջին, ոչ պաշտոնական տվյալների՝ տարեսկզբից մինչ օրս պաշտոնական դիլլերները հատկացված 3000-ից սպառել են ընդամենը 400-ը։ Ստացվում է, որ մոտավորապես 2600 քվոտա դեռ առկա է։

Մինչդեռ, ֆիզիկական անձինք, որոնք այլևս չունեն ներմուծման քվոտաներ, ստիպված են վճարել մաքսատուրքեր և թանկացնել ներմուծվող տրանսպորտային միջոցների արժեքը։

Դեռևս շաբաթներ առաջ անդրադառնալով խնդրին՝ նշել, էի, որ տրամաբանական կլինի, եթե ավելացվի ֆիզիկական անձանց հատկացվող քվոտան։

Նշեմ, որ հազարավոր տրանսպորտային միջոցներ այս օրերին գտնվում են Գյումրու մաքսատանը, հարյուրավոր ավտոմեքենաներ էլ այս պահին ճանապարհներին են։ Ներմուծողները չեն շտապում մաքսազերծել ավտոմեքենաները՝ սպասելով Կառավարության նոր որոշմանը։

Քվոտաների վերանայումն այս օրերին խիստ անհրաժեշտություն է։ Ի տարբերություն պաշտոնական դիլլերների, որոնք մի քանիսն են, ֆիզիկական անձինք և սուբյեկտները բազմաթիվ են, և արդարացի կլինի, եթե վերջիններիս հատկացվեն նոր քվոտաներ»։