Փոխարժեքներ
14 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Հայ դատի համակարգում գործող Հայ իրավական կենտրոնը (Armenian Legal Center) ակտիվորեն մասնակցել է Նյու Յորքում անցկացվող Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին` բարձրաձայնելով հակամարտային գոտիներում հայ կանանց պայքարի մասին, և պահանջելով կոնկրետ գործողություններ նրանց պաշտպանության ուղղությամբ:
Հայ օգնության միության հետ միասին, Հայ իրավական կենտրոնը մարտի 12-ին, ՄԱԿ-ի Եկեղեցու կենտրոնում (CCUN) կազմակերպել էր կից ձեռնարկ «Տոկունություն և վերականգնում. կանանց դերը հակամարտային գոտիներում և առողջապահական պաշտպանություն» խորագրով: Միջոցառումը համախմբել էր փորձագետների, մարդու իրավունքների պաշտպանների՝ քննարկելու Հայաստանում, Արցախում, Սիրիայում, Լիբանանում և Երուսաղեմում կանանց դիմագրաված մարտահրավերներն ու փորձելու գտնել լուծումներ։ Խնդրին վերաբերող տարբեր թեմաներով ելույթներ են ունեցել Արուսյակ Մելքոնյանը, Թերեզա Երիմյանը, Լորկի Լիպարիտյանը, Գևորգ Հակոբջյանը, Նաիրի Տերտերյանը։
Հայ իրավական կենտրոնի ներկայացուցիչ Գևորգ Հակոբջյանը, մասնակցել է մեկ այլ քննարկման, որ կրում էր «Խոսքեր գետնից. խաղաղության կառուցում, գործողությունների անհրաժեշտություն կանանց համար և զինված հակամարտությունների դեմ»։ Հակոբջյանն անդրադարձել է զինված հակամարտությունների հետևանքով տուժած կանանց իրավունքների միջազգային պաշտպանության, նրանց դեմ հանցագործություն կատարած սուբյեկտների հաշվետվողականության և այդ նպատակներով միջազգային գործուն մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությանը։
Նման նախաձեռնությունների միջոցով Հայ իրավական կենտրոնը վերահաստատում է իր հանձնառությունը բարձրացնելու իրազեկվածությունը և միջազգային հանրությունից պահանջելու կոնկրետ գործողություններ՝ պաշտպանելու հակամարտային գոտիներում գտնվող, ինչպես նաև տեղահանված հայ կանանց իրավունքները: Վերջիններիս ձայնը միջազգային հարթակներ հասցնելով՝ Հայ իրավական կենտրոնը շարունակում է արդարության և կայուն լուծումների կոչ անել նրանց համար, ովքեր տուժել են Արցախում, Լիբանանում, Սիրիայում և այլուր։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
14 մարտ 2025թ․