կարևոր
1369 դիտում, 4 ժամ առաջ - 2025-03-12 14:57
Հասարակություն

Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարողը ժամանակին ընտրակաշառք է բաժանե՞լ

Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարողը ժամանակին ընտրակաշառք է բաժանե՞լ

Մարտի 19-ին ագրարային համալսարանում ընտրելու են ռեկտոր: Առաջադրվել են 4 թեկնածուներ՝ դոցենտ Հայկ Ղազարյան, դոցենտ Արևիկ Ազիզյան, ՍԱՏՄ պետի նախին տեղակալ Սոնա Ծառուկյան և ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյան: Վերջինս, ըստ բուհում առկա խոսակցությունների, ջանք ու եռանդ չի խնայում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի բարեհաճությանն արժանանալու և ռեկտոր ընտրվելու համար:

Մամուլից հետաքրքիր փաստեր են պարզվել անցյալում Հ. Զաքոյանի գործունեության վերաբերյալ: Պարզվում է, տարիներ առաջ վերջինս մասնակցել է Գավառի քաղաքապետի ընտրություններին: 168.am-ն անդրադարձել է այդ ընտրություններին:

Ընթերցողներին ներկայացնենք Հրաչյա Զաքոյանին վերաբերող հատվածը՝

«Այս ընտրությունների կեղծիքները հիմնականում «դրսում» են կատարվել՝ ի հաշիվ ընտրակաշառքների: Տեղացիներն ասում են, որ ընտրողներին գրավելու համար բոլոր հինգ թեկնածուներն էլ տարբեր տեսակի ընտրակաշառքներ են բաժանել ու խոստումներ տվել: Օրինակ, Հրաչյա Զաքոյանը գազի վարձը մարելու համար բնակիչներին բաժանել է 5000 դրամանոց կտրոններ: Արդեն նախկին քաղաքապետ Գ. Հովեյանի /Գավառի նախկին քաղաքապետ/ ասելով՝ Զաքոյանին պատկանող Գավառի սերմնաբուծական տնտեսությունն ունի մոտ 22 մլն դրամի հողի հարկի պարտքեր: Ընտրություններին նրան սատարել է հորեղբայրը՝ Արագածոտնի գլխավոր դատախազ Համլետ Զաքոյանը:»

Հողի հարկի պարտքի 22 միլիոն դրամի մասով թերևս կան նմանություններ: Այսօր էլ Զաքոյանի ղեկավարած կառույցը՝ Ագրարային համալսարանն ունի շուրջ 555 միլոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով: Իսկ 5000 դրամի մասով ընտրակաշառքի մասին տեղեկատվությունը պետք է, որ հետաքրքրի կրթության ոլորտում աննախադեպ զարգացումներ խոստացող Նիկոլ Փաշինյանին ու Ժաննա Անդրեասյանին: Իրենք ունեն այդ տեղեկատվությունը  ճշտելու հնարավորություն:  Հաստատվելու դեպքում՝ արժե մտածել, թե արդյո՞ք կարելի է 95-ամյա պատմություն ունեցող բուհի կառավարման ղեկը հանձնել Հ. Զաքոյանին: