կարևոր
1315 դիտում, 14 ժամ առաջ - 2025-02-15 11:38
Հասարակություն

Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է

Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է

Այսօր՝ փետրվարի 15-ին, սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության եւ երիտասարդների օրհնության օր, որը նշվում է  Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։

Տոնը շարժական է, նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։

Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։

Սբ. Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվեց 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը սբ. Սարգսի մասունքներն ամփոփեց Կարբի ավանում և դրանց տեղում հիմնեց Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցին և համանուն վանքը։ Հատկանշական է, որ Տեկորի տաճարը կրում է «Սբ. Սարգիսի վկայարան» անվանումը։

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Այսպես, օրինակ, Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։

Շատ հավատացյալներ այցելում են սբ. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին։