կարևոր
721 դիտում, 1 օր առաջ - 2025-01-27 12:16
Քաղաքական

Ադրբեջանի հետ հավասար ՀՀ-ն նույնպես մերժել է Շվեյցարիայում արցախահայերին վերաբերող միջազգային համաժողովի անցկացումը. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Հրավիրում եմ հատկապես ԶԼՄ ներկայացուցիչների ուշադրությունը։

Անցած տարվա դեկտեմբերին Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատը) 96 կողմ, 80 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որը երկրի կառավարությանը կոչ է անում 2025 թ. հրավիրել միջազգային խաղաղության համաժողով՝ որտեղ պետք է քննարկվեր «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքին» վերաբերող հարցեր։

Այդ ժամանակ ելույթ ունենալով խորհրդարանում` Շվեյցարիայի ԱԳ նախարար Ինյացիո Կասիսը բառացի հայտարարեց. «Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն ցանականում այս համաժողովի անցկացումը»։

Հայկական մամուլում լուրը տարածվեց, իբրև Շվեյցարիայի կառավարություն ցանկության բացակայության պայմաններում է մերժվել նախաձեռնությունը։

Մինչդեռ նախարարը համաժողովի չանցկացումը հիմնավորեց ոչ թե Շվեյցարիայի դիրքորոշմամբ, այլ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյանների կողմից նման համաժողով անցկացնելու ցանկության բացակայությամբ, նշելով, որ այդ պարագայում եթե իրենք պնդեն համաժողովի անցկացման մասին, դա անգամ կարող է դիտվել որպես ապակառուցողական քայլ։

Թե ինչու Ադրբեջանը չի ցանկանում Արցախահայերի վերադարձի մասին միջազգային համաժողով անցկացնել պարզ է։

Թե ինչու դա չեն ցանկացել նաև ՀՀ իշխանությունները, դա ևս ինձ համար պարզ է։

Այդուհանդերձ, ցանկանում եմ հնարավորինս մեծ ուշադրություն հրավիրել այս փաստի վրա` ցույց տալու, որ անգամ այս պայմաններում մեզ համար պարբերաբար ստեղծվում են մեր իրավունքները պաշտպանելու մեխանիզմներ, որոնցից գործող իշխանությունները դիտավորյալ հրաժարվում են, որ հետո մեր հանրությանը մոլորեցնեն՝ ասելով` մենք ոչ մի հնարավորություն չունենք, որ միակ ելքը հանձնվելն է։

Փաստորեն, հրաժարվելով Ադրբեջանի հետ բանակցություններում քննարկել արցախահայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, գործող իշխանությունները հետևողականորեն խոչընդոտում են դա անել նաև միջազգային գործընկերներին։

Ի դեպ, արդեն 2025 թ. հունվարին Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևին»։