կարևոր
697 դիտում, 1 օր առաջ - 2025-01-27 12:27
Աշխարհ

ՀԱՄԱՍ-ը մինչև ուրբաթ 3 իսրայելցի պատանդի ազատ կարձակի, ևս 3-ին՝ փետրվարի 1-ին

ՀԱՄԱՍ-ը մինչև ուրբաթ 3 իսրայելցի պատանդի ազատ կարձակի, ևս 3-ին՝ փետրվարի 1-ին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև ուրբաթ ազատ կարձակի իսրայելցի երեք պատանդի, այդ թվում՝ զինծառայող Էրբիլ Յեհուդին, ևս երեք պատանդներ ազատ կարձակվեն շաբաթ օրը: Այս մասին X սոցցանցում հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին։

«Միջնորդների գլխավորած շարունակական ջանքերի շրջանակում երկու կողմերի միջև փոխըմբռնում էր ձեռք բերվել, համաձայն որի` ՀԱՄԱՍ-ը մինչև հաջորդ ուրբաթ կփոխանցի պատանդ Էրբիլ Յեհուդին և երկու այլ պատանդի», – գրել է նա։

Նրա խոսքով` համաձայնագրի համաձայն` ՀԱՄԱՍ-ը ևս երեք պատանդ կփոխանցի շաբաթ օրը։

Անսարին նշել է, որ նաև տեղեկություն կտրամադրվի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում ազատ արձակվելու ենթակա պատանդների թվի մասին։

Ավելի վաղ` հունվարի 25-ին, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակում ազատ էր արձակել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) չորս կին զինծառայողի, որոնք առևանգվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:

Հիշեցնենք` Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ 15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել: Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։