կարևոր
580 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-12 17:19
Քաղաքական

Կոչ եմ անում չընկրկել օրվա իշխանությունների, նրանց նշանակած ռեկտորների ճնշումների առաջ․ Կյուրեղյանը՝ դասախոսներին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խոսքը՝ ԱԺ հայտարարությունների ժամին․

«Սիրելի հայրենակիցներ,

Ես բազմիցս բարձրաձայնել եմ Հայաստանի պետական բուհերում պրոֆեսորադասախոսական կազմի համալրման նպատակով մրցույթ չհայտարարելու մասին և դրանով իսկ, այդ կազմի համալրման պայմանագրերի կնքումը միայն մրցույթից հետո՝ օրենսդրական պահանջի չկատարման, անտեսման մասին:

Նախորդ հայտարարությամբ արդեն ասել եմ, որ երկու տարվա իմ համառ ու հետևողական աշխատանքի արդյունքում վերջապես հասել ենք նրան, որ Վանաձորի պետական համալսարանում կայացել են այդ ընտրությունները, որի արդյունքում 107 դասախոսի հետ կնքնվել են աշխատանքային հնգամյա պայմանագրեր: Նույնատիպ իրավիճակ է նաև Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, որի 548 դասախոսից 108-ը հրավիրված են, 43 դասախոսների՝ ընտությունից հետ աշխատանքային պայմանագրի ժամկետները ավարտվել են 2024թ. հունիս-հուլիս ամիսներին, իսկ մնացած 397 դասախոսների հետ, բացառությամբ ամբիոնի վարիչներ, դեկաններ, ուղղակի կնքված են որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր, հիմնականում առանց մրցութային արդյուների վրա հենվելու, որովհետև այդ մրցույթները չեն հայտարարվել առնվազն 2021թ-ից:

Իմ գրավոր հարցապնդմանը, թե ինչու չեն հայտարարվել այդ մրցույթները, համալսարանի ռեկտորը պատասխանել է, որ իրենք նպատակահարմար չեն գտել: Ասել է թե, օրենքի պահանջի կատարումը իրենց համար կարող է լինել ոչ նպատակահարմար և չանեն:

Այս հարցում ես, նորից լինելով հետևողական, դիմել եմ ՊՎԾ ղեկավարին և ԿԳՄՍ նախարարին՝ իրավիճակի բացատրության հիմնավորումը ստանալու նպատակով:

Արդյունքում Երևանի պետական մանկավարժական համալսարանում նոյեմբերի 1-ին 5-ամյա ընդմիջումից 2024-2025 ուսումնական տարվա համար նախատեսվել և արդեն հայտարարվել են մրցույթներ թափուր հաստիքները համալրելու նպատակով:

Փաստորեն, 2024-2025 ուստարվա համար մրցույթ է հայտարարվել ընդամենը նոյեմբերի 1-ին, իմ այդքան հարցապնդումներից հետո: Ինչպես ասում են. լավ է ուշ, քան ավելի ուշ:

Հետաքրքիր մի փաստ ևս: Թե՛ Վանաձորի, և թե՛ Երևանի պետական մանկավարժական համալսարանների ռեկտորները ընտրվել կամ ավելի ճիշտ կլինի ասել, նշանակվել են կրթության նախարար Արայիկ Հարությունյանի օրոք:

Պարզապես հարց է առաջանում. սա պատահականություն է՞, թե նախարարի կողմից տրված ուղղորդման կատարում:

Նշեմ նաև, որ ես դիմել եմ բոլոր պետական բուհերի ռեկտորներին՝ այս հարցում իրավիճակի վերաբերյալ տվյալներ ստանալու համար և հետևողականորեն պայքարելու եմ նաև մյուս բուհերում ընտրությունների կազմակերպման համար, եթե դեռ չեն հայտարարվել:

Սիրելի՛ դասախոսներ, կոչ եմ անում չընկրկել օրվա իշխանությունների, նրանց նշանակած ռեկտորների ճնշումների առաջ:

Համոզված եղե՛ք, նրանց քիչ ժամանակ է մնացել: Նրանք ոչ միայն հեռանալու են, այլև ամեն մեկը իր արածին համարժեք պատասխան է տալու»:

Մանրամասն՝ տեսանյութում։