կարևոր
580 դիտում, 1 ամիս առաջ - 2024-11-05 09:53
Քաղաքական

Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր. «Ժողովուրդ»

Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող կուսակցության ներսում իրավիճակը գնալով թեժանում է. ներպալատական գզվռտոցները նոր փուլ են թևակոխում: Այսօր ՔՊ վարչությունում ավելի նեղ ֆորմատով կքննարկեն Անդրանիկ Քոչարյանի և Հովիկ Աղազարյանի վարքը:

Երեկ արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախատեց Անդրանիկ Քոչարյանին, որը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ԱԺ նախագահությունում էր նստեցրել՝ իր կողքին, մյուս ուժայիններին՝ ներքևում: Այս ուշացած արձանագրումը պատահական չէր. մինչ այս Ալեն Սիմոնյանը լուռ էր: Նա, ըստ ամենայնի, սպասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքին, երբ ՔՊ ակտիվի հավաքի օրը կռահել է այն, երեկ արդեն որպես սեփական կարծիք արտահայտեց:

Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթը իշխանությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ այսօր ՔՊ-ական վերնախավը վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ, ի թիվս ներքաղաքական այլ հարցերի, կքննարկի նաև ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը՝ հոկտեմբերի 15-ի ԱԺ լսումների ժամանակ դրսևորած: Նախատեսվում է, որ երբ վարչության նիստն ավարտվի, ձևավորված տրամադրություններից հետո միայն ՔՊ-ն նաև խմբակցության նիստ կհրավիրի Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցով. իշխանական պատգամավորները կքվեարկեն, և իրենց համաձայնության դեպքում Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցով նախաձեռնությունը կմտնի նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

ԱԺ կանոնակարգ օրենքի 149-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

«Ժողովուրդ» օրաթերթը կհետևի ներպալատական խարդավանքներին, որոնք հրահրվել են մեծապես Անդրանիկ Քոչարյանի կողմից, և կիրազեկի ընթացքի մասին»: