կարևոր
946 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-10 16:43
Հասարակություն

21-ամյա երիտասարդի մարմինը դաշտում հրկիզել էին ու թաղել․ երեք անձ կալանավորվել է

21-ամյա երիտասարդի մարմինը դաշտում հրկիզել էին ու թաղել․ երեք անձ կալանավորվել է

Հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ թոռը` 2003 թ. ծնված Հայկ Մաղաքյանը, հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ, բայց` անարդյունք: Նրա անհետ կորելու վերաբերյալ նաև տեղեկություն տարածվեց մամուլով և սոցիալական ցանցերով ու կրկին՝ անարդյունք:
Ըստ կարգի` Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնվեց:
Քննչական նպատակային գործողությունների, ինչպես նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռի Բերդ համայնքում երեք ընկերներ և նրանցից մեկի եղբայրը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ապօրինաբար կյանքից զրկել են Հայկ Մաղաքյանին և դին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել ու թաքցրել։

Սեպտեմբերի 25-ին, վարույթը հսկող դատախազի որոշմամբ, բոլոր չորսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց: Հաջորդ օրը նրանցից երեքը ձերբակալվեցին. խափանման միջոց ընտրվեց կալանքը:

Հետագա գործողությունների արդյունքում պարզվեց նաև դիակը թաքցնելու վայրը: Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում դիակը հրկիզել էին ու թաղել։

Դիակը հայտնաբերվեց հոկտեմբերի 9-ին։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։