կարևոր
3427 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-05 09:34
Քաղաքական

Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին վերադառնում Ռուսաստանի գիրկը․ «Հրապարակ»

Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին վերադառնում Ռուսաստանի գիրկը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հուլիսին գրել էինք, որ Փաշինյանը կարող է «անառակ որդու պես վերադառնալ մայր Ռուսիայի գիրկը»։ Նա նեղ «կռուգում» ասել էր, որ աշնանը կարող են անակնկալներ լինել: Այդ օրերին մեզ քննադատողները, թե «Հրապարակը» վատ երազ է տեսել, այսօր իրենք են գրում, որ հետքայլ է արվում։ Առաջին ծիծեռնակն օգոստոսի 31-ի ասուլիսում ՌԴ-ին ուղղված ռեւերանսն էր, իսկ երեկ իմացանք, որ Հայաստանը մասնակցելու է ԲՌԻԿՍ-ի եւ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին։ ԲՌԻԿՍ-ի ժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ին` Կազանում։

Ոմանք կապ են տեսնում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության փոփոխության եւ օգոստոսի 23-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի միջեւ, որը կայացավ վերջինիս՝ Բաքու այցից 4 օր անց: Դրանից 4 օր անց Պուտինը խոսեց նաեւ Ալիեւի հետ, իսկ 1 օր անց ստորագրվեց սահմանազատման կանոնակարգը, որը ձգվում էր 2 ամիս: Ըստ որոշ աղբյուրների՝ Պուտինն ասել է Փաշինյանին, որ ինքն Ալիեւին հորդորել է թուլացնել ճնշումը ՀՀ-ի վրա: Թերեւս նաեւ դա է պատճառը, որ ԱՊՀ, ՀԱՊԿ ռուսական հարթակները բոյկոտող Փաշինյանը որոշել է մասնակցել։ Զախարովան էլ երեկ հայտարարել է, թե ակնկալում են, որ Երեւանը կվերսկսի լիարժեք մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին։