Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու դեմ ուղղված ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ միացել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, ամբիոնի վարիչ Աղավարդ Խաչատրյանը: Գործընթացին իր աջակցությունն է հայտնել նաև պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Սմբատ Դավեյանը, ով սոցիալական հարթակում գրել է.
«Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, որպես երկրում ագրարային ոլորտի բարձրագույն կրթություն իրականացնող միակ պետական ուսումնական հաստատություն իր գոյության շուրջ 95 տարիների ընթացում և իր ավելի քան 60 հազար շրջանավարտներով անգնահատելի ներդրում ունի մեր երկրի ագրոպարենային ոլորտի և տնտեսության այլ բնագավառների զարգացման գործում:
Ագրարային համալսարանն ընդհանրապես և համալսարանում գործող մասնագիտություններն երկրի համար ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ հատկապես գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, անասնաբուժական ու անասնաբուծական գործի կազմակերպման, երկրի պարենային անվտանգության և ազգաբնակչությանն անվտանգ ու որակյալ սննդամթերքով ապահովման, հողային ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և շատ այլ տեսակետներից։ Ագրարային ոլորտի աշխատաշուկայի պահանջարկի նույնիսկ ոչ ամբողջական ուսումնասիրությունն ցույց է տալիս, որ այսօր բարձրագույն կրթությամբ մասանգետների մեծ պահանջարկ կա, այս ոլորտի գրեթե բոլոր բնագավառներում: Սակայն վերջին տարիներին, տարբեր պատճառներով ագրարային համալսարանի ուսանողական համակազմի համալրման շատ ցածր ցուցանիշներն հանգեցրել են համալսարանի ֆինանսական կայունության վտանգմանը, դասախոսական կազմի ու աշխատակիցների կրճատմանը և առաջ են բերել շատ այլ խնդիրներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ագրարային մասնագիտություններն ունեն կիրառական բնույթ, ուստի համալսարանում անհրաժեշտ ուսումնական միջավայրի, ինչպես նաև գործող մասնագիտությունների կրթական ծրագրերի և ռազմավարական պլանի իրականացման համար անհրաժեշտ ուսումնական տարածքների ու ռեսուրսային բազայի ապահովման տեսանկյունից՝ շատ կարևոր է համալսարանի առկա ուսումնական և օժանդակ տարածքների պահպանումն ու ընդլայնումը: Այս առումով, համալսարանի մասնաշենքերից որևէ տարածքի այլևս օտարումը կամ վարձակալությամբ այլ ԲՈՒՀ-ի կամ կազմակերպության տրամադրելը անթույլատրելի է և կխաթարի համալսարանի բնականոն գործունեությունը»:
Yerkir.am-ի տեղեկություններով ստորագրահավաքին առաջիկա օրերին միանալու են հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներն ու դեկանները: