կարևոր
2386 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-03 18:21
Աշխարհ

Ուզբեկստանի մուսուլմանների հոգեւոր վարչությունն արգելել է իմամներին հանդես գալ սոցցանցերում եւ հավանումներ դնել

Ուզբեկստանի մուսուլմանների հոգեւոր վարչությունն արգելել է իմամներին հանդես գալ սոցցանցերում եւ հավանումներ դնել

Ուզբեկստանի մուսուլմանների հոգեւոր վարչությունն արգելել է իմամներին եւ նրանց տեղակալներին հանդես գալ սոցցանցերում եւ հավանումներ դնել գրառումների տակ։ Այս մասին տեղեկացրել է «Ազատություն» ռադիոյի ուզբեկական ծառայությունը (Ռադիո Օզոդլիկ)։

Մայիսի վերջին երկրի բոլոր մզկիթների իմամները ձայնային ուղերձ ստացան Տաշքենդի գլխավոր իմամի օգնական Էրգաշ Ռուստամովից։ Դրանում ասվում էր, որ «հերթական հանձնարարությունը վերաբերում է սոցցանցերում ելույթների արգելքին, «ինչպես նաեւ արգելվում է հավանումներ դնել սոցցանցերի որեւէ գրառման տակ»։ Այս տեղեկությունը հաստատել են Ուզբեկստանի մուսուլմանների հոգեւոր վարչությունում։

Օզոդլիկ ռադիոն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ արգելքը մտցվել է սոցցանցերում որոշ իմամների ոչ միանշանակ հայտարարությունների ֆոնին։ Իմամ Իսակժոն Բեգմետովն, օրինակ, իր վերջին ելույթում հայտնել էր, որ նրանք, ովքեր հայտնագործել են «քեշբեկը», վնասում են ժողովրդին եւ առեւտրականներին։ «Էշոնհոջա-օթա» մզկիթի իմամ Ավազհոջի Բահրոմովը պաշտոնից ազատվել եւ երեք օրով ձերբակալվել էր ձայնագրության համար, որում նա վիրավորում էր 16-ամյա աղջկան հայհոյախոսությամբ։ Նա ասում էր, որ «աղջկա գլուխը կմտցնի ակվարիումի մեջ», «կկտրատի» եւ «կհանի նրա սիրտը»։

2023թ. մայիսին պաշտոնից ազատվեց Ֆերգանայի մարզի Թաշլակի շրջանի գլխավոր իմամ Շուքրուլո Էգամբերդիեւը ուզբեկ աշխատանքային միգրատներին եւ վալս պարող դպրոցական աղջիկներին քննադատելու համար։ 2022թ. սեպտեմբերին պաշտոնից ազատեցին Տաշքենդի «Ազիզ-օթա» մզկիթի իմամի տեղակալ Միրսոբիթ Վոհիդովին, որը մուսուլմաններին կոչ էր անում շարիաթով դատել կրոնական գործիչներին քննադատողներին։ Ուզբեկստանի մուսուլմանների հոգեւոր վարչությունում այն ժամանակ հայտնել էին, որ «ինքնադատաստանի» կոչը հակասում է իսլամին եւ երկրի օրենքներին։

2023թ. հունվարին ազատվեց Տաշքենդի գլխավոր իմամ Ռահմաթուլո Սայֆուտդինովը, որը քննադատել էր գինեկոլոգ տղամարդկանց, ինչպես նաեւ հայտարարել, որ «սեռական ակտի ժամանակ ոչ իրենց ամուսինների, այլ թուրքական սերիալների գեղեցիկ դերասանների մասին մտածող կանանցից ծնվում են գեյ երեխաներ»։

Իմամները, որոնց հետ խոսել է պարբերականի լրագրողը, սոցցանցերում ելույթների արգելքը համարում են իրենց գործունեության պետական վերահսկողության խստացում։ «Մեզ ասացին, որ դա մուֆթիի [Ուզբեկստանի մուֆթի Նուրիդդին Խոլիկնազարովի] հրամանն է։ Նրանք կապում են մեր ձեռքերը եւ ոտքերը»,- ասել է իմամներից մեկը։