կարևոր
3781 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-18 11:20
Քաղաքական

Քաղաքական ներդրումներ՝ Արցախի օկուպացված տարածքներում․ «Հրապարակ»

Քաղաքական ներդրումներ՝ Արցախի օկուպացված տարածքներում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ալիեւը մարսում է էթնիկ զտման ճանապարհով Արցախի օկուպացիան, եւ հիմա 120 հազար արցախցիների բռնագաղթի արդյունքում ձեռք գցած տարածքներն իբրեւ թե շենացնելու համար դեմոնստրատիվ այցելություններ են կազմակերպում օկուպացված տարածքներ, հայտարարում այնտեղ այս կամ այն ներդրումների մասին։

Երեկ 2 նմանաբովանդակ տեղեկություն ստացվեց։ Նախ իմացանք, որ բրիտանական Anglo-Asian Mining-ը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ՝ օկուպացված Արցախում հանքավայրերին հասանելիություն ստանալու համար։ Ըստ պայմանագրի՝ Anglo Asian Mining-ին է պատկանում Դրմբոնի ոսկու եւ Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրերի շահագործման իրավունքը։ Ապա հայտնի դարձավ, որ օկուպացված Արցախում՝ Ակնայի տարածքում, Բելառուսը կկառուցի փոքր քաղաք՝ բելառուսական կոլորիտով, 420 ընտանիքի համար։ Որ այս երկու երկրները երբեք պրոհայկական դիրքորոշմամբ չեն փայլել, իսկ Մեծ Բրիտանիան կոնկրետ շահեր է ունեցել եւ ունի մեր տարածաշրջանում, նորություն չեն, բայց երկու տարբեր աշխարհաքաղաքական բեւեռներ ներկայացնող երկրներից ստացվող այս ազդակները հստակ ցուցիչ են՝ աշխարհը ոչ միայն աչք փակեց Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վրա, այլեւ փաստացի քաղաքական աջակցություն է հայտնում այդ քաղաքականությանը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ սրանք ավելի շատ քաղաքական նշանակության ներդրումներ են, քան տնտեսական։ Գաղտնիք չէ, որ դեռ 1994-ից սկսած՝ Մեծ Բրիտանիան լուրջ տնտեսական կապեր է ունեցել ադրբեջանական իշխանությունների հետ։ Շահագործվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, բազմաթիվ այլ համատեղ ծրագրեր են իրականացվել, ուստի Բրիտանիայի նման քաղաքականությունը զարմանալի չէ։ «Նույնիսկ այն ժամանակ, երբ Կաշենի եւ Քարվաճառի հանքավայրերը գտնվում էին հայկական վերահսկողության տակ, ադրբեջանցիներն այդ անգլիական ընկերությանն էին հանձնել հանքերի շահագործման իրավունքը։ Փաստացի, նրանք չէին կարող մուտք գործել հանքերի տարածք, քանի որ այն հայկական վերահսկողության տակ էր, բայց Ադրբեջանը քաղաքական որոշում էր կայացրել՝ հանքավայրերը երկարաժամկետ շահագործման նպատակով այդ ընկերությանը հանձնելու վերաբերյալ։ Այսինքն, կարող ենք ասել, որ անգլիական ընկերությունն ադրբեջանական քաղաքական գծով շարժվող կազմակերպություն է, որտեղ ադրբեջանական վերաներդրումներ են իրականացվում։ Բայց այս հանքավայրի շահագործումը նրանց տնտեսության համար մեծ ու էական էֆեկտ չի կարող ունենալ, չի կարող մեծ տնտեսական զարգացում ապահովել, քանի որ դրա բերած եկամուտները բավականին փոքր են Ադրբեջանի տնտեսության համար։ Միայն նշեմ, որ, օրինակ, Կաշենի հանքավայրը լավ ժամանակներում՝ մինչեւ 2018-ը, Արցախի տնտեսությանը բերում էր 18 միլիարդ դրամ գումար, ինչը մոտ 35 միլիոն դոլար էր կազմում, ուստի, այդ ինֆորմացիան ավելի շատ քաղաքական է՝ ցույց տալու համար, թե ներդրումներ են իրականացվում այդ տարածքներում»,- բացատրում է մասնագետը։

Բելառուսական ներդրումները եւս այս շարքից են։ Պարսյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ներկայում որեւէ խոշոր մասնավոր ընկերություն դժվար թե համարձակվի այդ տարածքներում լուրջ ներդրում իրականացնել՝ հաշվի առնելով, որ մեծ է Արցախում նոր պատերազմի հավանականությունը։ «Ադրբեջանական կողմը պետական բելառուսական կազմակերպությանը համոզել է մի ծրագիր անել՝ քաղաք կառուցել, բայց պարզ չէ, թե այդ քաղաքն ում համար են կառուցում, որովհետեւ նույն Ադրբեջանում շատ քչերն են ցանկություն հայտնում վերաբնակեցվել Արցախի օկուպացված տարածքներում, քանի որ այն բավականին հեռու է Ադրբեջանի հիմնական ենթակառուցվածքային զարկերակներից, այնտեղ տնտեսության իրական հատված ուղղակի չկա, եւ ամենակարեւորը՝ մարդկային կապիտալ չկա, որի համար ներդրում կարող է կատարվել»,- ասում է Սուրեն Պարսյանը։ 
Նա չի բացառում, որ սա կարող է որոշակի քաղաքական մեսիջ լինել նաեւ արցախահայությանը՝ հնարավոր վերադարձի  համար, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը ցույց տալու բան ունենա։ Մասնագետը եւս մի գործոն է շեշտում, որը կոնկրետ Մեծ Բրիտանիայի համար ավելի կարեւոր է, քան տվյալ հանքավայրի շահագործման տնտեսական օգուտը։ Դա Իրանի դեմ հնարավոր սցենարների դեպքում Ադրբեջանն ուժեղացնելու ձգտումն է։ «Տուրք տալով Ադրբեջանի քաղաքականությանը՝ նրանք ամեն կերպ ցույց են տվել, որ պատրաստ են աջակցել Ադրբեջանին՝ Արցախի հարցը միակողմանի լուծելու համար։ Այստեղ Ադրբեջանին հաղթական դիրքի բերելը ոչ միայն հայկական դաշտում խնդիր լուծելու համար է, այլեւ՝ Իրանում եւ Կովկասում։ Նրանք ցանկանում են, որ Ադրբեջանը տնտեսապես ու քաղաքականապես ուժեղ լինի եւ կարողանա Իրանում անջատողական շարժումներ ստեղծել։ Այսինքն՝ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը նաեւ Իրանի նկատմամբ իրականացվող քաղաքականությամբ է պայմանավորված»,- շեշտում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ ոչ միայն Բրիտանիան, այլեւ Իսրայելն է նույն նպատակով ներդրումներ կատարում Արցախում։ Մասնավորապես, Ջրականում օդանավակայան է կառուցել, խելացի գյուղ, որոնք շատ արագ կարող են ռազմական ենթակառուցվածք դառնալ՝ ընդդեմ Իրանի։

Ինչ վերաբերում է պաշտոնական Երեւանի կեցվածքին, ապա բոլորի համար ակնհայտ է՝ նա փակել է Արցախի հարցը, ու եթե այս իշխանությունն անգամ արցախահայերի վերադարձի խնդիրը չի բարձրաձայնում, ներդրումների վերաբերյալ հաստատ որեւէ քայլ չի անի, մինչդեռ Ադրբեջանն ագրեսիվ դիրքորոշում ունի ՀՀ սուվերեն տարածքում շահագործվող հանքերի եւ գործարանների հետ կապված։ Պարսյանն ասում է՝ այս իշխանության քաղաքական կուրսն է՝ որեւէ խնդիր, առճակատում չունենալ Ադրբեջանի հետ։