կարևոր
4594 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-04 12:37
Հասարակություն

Շուռնուխի նոր թաղամասը պատրաստ չէ, բայց բնակիչներն այլևս ամսական փոխհատուցում չեն ստանում

Շուռնուխի նոր թաղամասը պատրաստ չէ, բայց բնակիչներն այլևս ամսական փոխհատուցում չեն ստանում

Sputnik Արմենիա-ն գրում է․ «Շուռնուխի բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, դեռ նոր տները չեն ստացել, բայց իշխանությունը դադարել է ամսական օգնություն տրամադրել նրանց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին հենց բնակիչները։

Նրանք 2024-ի սկզբից այլևս չեն ստանում ամսական 68 հազար դրամը։ Ընդ որում` որոշ ընտանիքներ, սպասելով նոր տներին, վարձով են ապրում, ոմանք բնակարան են վարձակալել Գորիսում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերին նախարարությունից Sputnik Արմենիային հաստատեցին, որ վճարումների ծրագիրը հաշվարկվել էր մինչև 2023 թվականի ավարտը։

Նշենք, որ երբ իշխանությունը հերթական անգամ տապալեց նոր թաղամասի կառուցման ժամկետները (թաղամասը պետք է պատրաստ լիներ դեռևս 2021 թվականին), 2023 թվականի հոկտեմբերին որոշեց վճարումների ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի ավարտը։

«Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ», - նշված էր կառավարության որոշման մեջ։

Новый квартал в селе Шурнух, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2024

Շուռնուխի նոր թաղամասը

 

2024 թվականի ապրիլի սկզբին Sputnik Արմենիան գրել էր, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի նոր թաղամասը դեռ շահագործման չի հանձնվել։

Новый квартал в селе Шурнух, Сюник - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2024

Շուռնուխի նոր թաղամասը

 

Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասը (13 տուն) անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այդ տների փոխարեն նոր թաղամասում կառուցվող 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021 թվականին։ Սակայն շինարարության ավարտի ժամկետն արդեն 6 անգամ պաշտոնապես հետաձգվել է։ Քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիայի վերջին հարցմանը պատասխանել են, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի ապրիլին»։