կարևոր
4891 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-02 09:49
Քաղաքական

Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ»

Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը թեպետ մեկ շաբաթ է՝ վերադարձել է Հայաստան, սակայն դեռեւս չի հանդիպել Արցախի խորհրդարանականների հետ: Դեռեւս մարտի սկզբներից հանձնախումբն արտերկրում էր. Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հանդիպումներ են ունենում տարբեր պաշտոնյաների հետ: Գլխավոր թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձի հարցն է։ Նախատեսվում էր, որ Հայաստան վերադառնալուն պես կատարված աշխատանքները կքննարկեն Արցախի պատգամավորների հետ, քանի որ հանձնախումբը ձեւավորվել է խորհրդարանի որոշմամբ, թե ինչու հանդիպումը տեղի չի ունեցել մինչ օրս, մանավանդ որ Օսկանյանը երկար չի մնալու Հայաստանում` մայիսի 5-ին կրկին պետք է մեկնի՝ հանձնախմբի գործունեության հետ կապված այլ պայմանավորվածություններ կա։ 

Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ տեխնիկական որոշ խնդիրներ կան, եւ ուզում են հնարավորինս լայն ֆորմատով հանդիպում նախաձեռնել՝ Արցախի համայնքների ղեկավարների, կառավարության ներկայացուցիչների, նախագահի եւ այլոց մասնակցությամբ: Ըստ ամենայնի, առաջիկա օրերին հանդիպումը տեղի կունենա։ «Համենայնդեպս, մինչեւ չհանդիպենք, Օսկանյանը չի մեկնի Հայաստանից»,- կատակեց մեր աղբյուրը։