կարևոր
8233 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-05 09:18
Իրավական

Իրավապահները Քաղաքապետարանի միջադեպի քրեական գործը «մոռացել են». 5 ամիս անց հարցաքննվել է միայն մեկ անձ. «Ժողովուրդ»

Իրավապահները Քաղաքապետարանի միջադեպի քրեական գործը «մոռացել են». 5 ամիս անց հարցաքննվել է միայն մեկ անձ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավապահ համակարգը մոռացել է Երեւանի քաղաքապետարանի միջադեպի գործը։ Քրեական վարույթից 5 ամիս անց քրեական հետապնդման ենթակա անձ չկա։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել եւ հարցաքննվել Երեւանի ավագանու կին անդամներից ընդամենը մեկը՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը. նրանից հետո այլ անձ չի հարցաքննվել։

Միջադեպից անցել է շուրջ 5 ամիս, եւ գործով ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ տուժող։

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են»: