Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթն արեւմտյան քաղաքակրթության անկյունաքարային սկզբունքներից է: Այդ քաղաքակրթության ձեւավորման ակունքներում կանգնած է եղել նաեւ հայ ազգը:
Ըստ այդմ, երբ անհատի կամ մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացվում է, թեկուզեւ կեղծ ժողովրդավարության շղարշի ներքո, ավելին` կառավարիչների կողմից սպասարկվում է օտարի շահը, ապստամբությունը դառնում է մարդկանց բնական իրավունքը։ Այդ իրավունքն անուղղակի կերպով ամրագրված է նաեւ բազմաթիվ պետությունների սահմանադրություններում, այդ թվում՝ նաեւ ՀՀ սահմանադրության մեջ` ի դեմս իշխանությունը ժողովրդին պատկանելու վերաբերյալ վերոհիշյալ դրույթի։ Ուսումնասիրելով համաշխարհային պատմությունը՝ մենք տեսնում ենք, որ անգամ աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներում, երբ այլ ելք չի մնում, ժողովուրդները դիմում են ապստամբության՝ հեռացնելով իշխանություններին: Եվ քաղաքական պայքարի մեջ կիրառվում են նաեւ զինված պայքարի, բռնության տարրեր: Շատ հեռու չգնանք․ 2008-ի մարտի 1-ին պայքարողները, նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեքենաներ էին այրում, խանութներ թալանում եւ այլն:
Նախօրեին ձերբակալվեց, ապա կալանավորվեց դաշնակցական Գագիկ Սարգսյանը, մեղադրանք առաջադրվեց նրան եւ մի խումբ անձանց, ում կասկածում են ՔՊ-ականների դեմ «ահաբեկչության փորձ» կատարելու մեջ: Նրանք փոքր հզորության պայթուցիկներ էին դրել Գուրգեն Արսենյանի, Գուրգեն Մելքոնյանի եւ Արաբկիրի ՔՊ գրասենյակի մոտ: Թեեւ, փաստաբանի փոխանցմամբ, այս անձինք չեն ընդունել մեղքը: Զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանի հետ:
- Գագիկ Սարգսյանին մեղադրում են իշխանությունների դեմ ահաբեկչության փորձ կատարելու մեջ, չնայած շատերն այդ պայթուցիկների տեղադրումն ընկալեցին զուտ որպես իշխանությանն ուղղված զգուշացում, որ հայ ժողովուրդն է երկրի տերը եւ թույլ չի տալու իր երկրի հետ վարվել այնպես, ինչպես սեփական բոստանիդ հետ կվարվեիր….
- Գագիկ Սարգսյանը չի ընդունել մեղադրանքը, փաստաբանն արդեն հայտարարությամբ է հանդես եկել: Պետք է սպասենք իրավական ընթացքին, այլ բան այդ մասով չեմ կարող ասել, զերծ կմնամ նրան վնասելուց: Գոյություն ունեն պարզ փաստեր: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ահասարսուռ տեսանյութեր են պատրաստվում, հայտարարություններ են արվում, մարդիկ մեղադրվում են պետական դավաճանության մեջ եւ հետո՝ ամիսներ անց, արդարացվում են: Այս իշխանությունը գործում է շոուների տրամաբանությամբ: Ամեն անգամ, երբ մեր անվտանգության հարցերը սրվում են, այս իշխանությունները նոր շոուներ են բեմադրում: Այսօր Տավուշից գյուղեր հանձնելու մասին են խոսում: Մեր օրակարգը սա է, ինչո՞ւ են այդ ամենին զուգահեռ այլ օրակարգեր մտցնում մեր կյանք, կարծում եմ` պարզ է:
- Իշխանությունները, այո, այս անգամ էլ Տավուշի գյուղերն են նվիրում Ադրբեջանին: Ինչպե՞ս պայքարել նման իշխանության դեմ, որը ոչ մի կերպ չի հեռանում եւ շարունակում է կործանել երկիրը:
- Համաշխարհային պատմության օրինակները ցույց են տալիս, որ անգամ ամենաաթոռապաշտ բռնապետներին հնարավոր է լինում փոխել, հեռացնել համաժողովրդական մոբիլիզացիայի միջոցով: Մենք բազմիցս ասել ենք, որ ճանապարհը դա է, ու հենց այդ ճանապարհով էլ շարժվելու ենք: Բեկում կարող է մտցնել միայն իշխանափոխությունը:
- Փողոցային պայքա՞րը նկատի ունեք: Ի՞նչ եք նախատեսել այդ առումով:
- Մարդկանց մոբիլիզացիան տեղի է ունենում փողոցում, հրապարակներում: Կարող են տարբեր դրսեւորումներ ու առիթներ լինել, այս իշխանություններն էլ հենց այդ ճանապարհով են իշխանության եկել, հետեւաբար՝ հենց դրանից էլ վախենում են: Մեր այսօրվա գործառույթը մենք տեսնում ենք այդ ճանապարհով: Վտանգների դեմ պետք է պայքարենք հանրային մոբիլիզացիայի միջոցով:
- Բայց բազում նման փորձեր եղել են, արդյունք չկա: ՀՅԴ-ն հեղափոխական կուսակցություն է, ապստամբող, բայց հիմա ոչինչ չի ձեռնարկում, առհասարակ` քաղաքական դաշտը պասիվ է: Ի՞նչ եք կարծում` հայ ժողովուրդն այսօր չունի՞ ապստամբելու իրավունք:
- ՀՅԴ-ն, այո, հեղափոխական կուսակցություն է եւ ստեղծվել է իր ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Կարող են տարբեր գործիքակազմերով լինել դրանք: Երբ իշխանությունը վերածվում է անօրինականության, ընդվզումը դառնում է պարտականություն: Այնուամենայնիվ, Դաշնակցությունը երբեք երկրի ներսում քաղաքական հարցեր լուծելու համար չի դիմել այն մեթոդներին, որոնց դիմել է արտաքին թշնամիների հետ պայքարելիս: Մեզ համար այդ գիծը շատ հստակ է եւ խոսում է մեր պետականամետության մասին: Դաշնակցությունը տարբերակում է եւ շատ լավ գիտի՝ ինչպես պայքարել երկրի ներսում եւ երկրից դուրս: Սա շատ կարեւոր հանգամանք է: Ինչ վերաբերում է ընդվզմանը, ապա դա հայ մարդու իրավունքն է` սահմանադրական իրավունքը: