Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին
«Հարգելի հայրենակիցներ,
Ինձ են դիմել Գեղարքունիկի մարզի Վարդենիս և Ճամբարակ խոշորացված համայնքների բազմաթիվ քաղաքացիներ։
Մեր հայրենակիցներն օբյեկտիվորեն իրենց բողոքն են արտահայտում այս քաղաքներում անձնագրային ծառայության բաժինների փակման վերաբերյալ։
Փաստն այն է, որ սա հերթական անթույլատրելի քայլն է սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների բնականոն կյանքը բարդացնելու ուղղությամբ։
Մասնավորապես, միայն Վարդենիսում հաշվառված են շուրջ 38900 քաղաքացիներ, որոնք իրենց անձնագրային և հաշվառման տարաբնույթ խնդիրների համար ստիպված են լինելու անցնել 40-50 կիլոմետր լրացուցիչ ճանապարհ, գտնվել երկարատև հերթերում։
Փաստորեն, անհիմն օպտիմալացման քողի տակ, մարդկանց խնդիրներն ու հոգսերը թեթևացնելու փոխարեն, սահմանամերձ մեր հայրենակիցների համար այս իշխանությունները ստեղծում են լրացուցիչ դժվարություններ։
Օպտիմալացման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշում են, որ վերացրել են Հայաստանից քաղաքացիների ելքի թույլտվության կնիքի անհրաժեշտությունը։
Սակայն պարզից էլ պարզ է, որ անձնագրային ծառայությունները միայն այս գործառույթը չէ, որ իրականացնում են։ Այս գործառույթների շրջանակը բավականին լայն է և ներառում է քաղաքացիների առօրյա մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը։ Այն վերաբերում է՝ անձնագրեր տրամադրելուց, ժամանակավոր և մշտական հաշվառումից, անձնագրերը փոխարինելուց մինչև տարաբնույթ համապատասխան փաստաթղթերի տրամադրումը, ներառյալ՝ քաղաքացիների սոցիալական իրավունքների իրացման համար անհրաժեշտ տեղեկանքները։
Ի դեպ, այս իշխանությունները, իրենց բնորոշ վարքագծով, զուգահեռաբար խոստացել և շարունակում են խոստանալ ճիշտ հակառակը, երբ կարիքն են ունենում այդ նույն սահմանամերձ բնակչության քվեներն ամեն գնով կորզելու։